Հասարակություն

Դիլիջանի միջազգային դպրոցում կուսանի ՀՀ 10 քաղաքացի, եւս 7- ը՝ կարող է ուսանել UWC- ի այլ քոլեջներում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2013 թվականի հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձավ Միացյալ համաշխարհային քոլեջներ կրթական ցանցի անդամ և ստացավ «UWC Dilijan» անվանումը: Այս տարի քոլեջների այս համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17  քաղաքացիներ` 10-ը Դիլիջանի միջազգային քոլեջում, 7- ը՝ UWC-ի այլ երկրների քոլեջներում։ Կրթական այս համաշխարհային ցանցի դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014 թվականի օգոստոսի վերջին կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին՝ քան 18 տարեկան: Նախապատվությունը տրվելու է բացառապես բազմակողմանի զարգացած ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին` անկախ իրենց ծագումից: 

Այս տարվա սեպտեմբերին արդեն Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի առաջին աշակարտների առջև։ Առաջին ուսումնական տարում քոլեջը կընդունի 90 աշակերտի ավելի քան 50 երկրներից: Դիմումների ընդունումը սկսվել է նոյեմբերին և կշարունակվի մինչև փետրվարի 17-ը: 14 երկիր միավորող կրթական այս համաշխարհային ցանցի դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014 թվականի օգոստոսի վերջին կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին՝ քան 18 տարեկան՝ ներկայացնելով ընդունելության կարգը` նշեց  UWC-ի ընդունելության պատասխանատու Դարիա Բրոդնիկովսկայան: Նա նաև հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների համար հատկացված են տեղեր միայն 11 երկրների քոլեջներում: 

Ինչպես իր հերթին հայտնեց Դիլիջան քոլեջի գործընկեր հիմնադիր անդամ և հոգաբարձուների խորհրդի նախագահ  Վերոնիկա Զոնաբենդը, հայաստանցի շնորհալի ու բազմակողմանի զարգացած երեխաները կկազմեն Դիլիջան քոլեջի աշակերտների ավելի քան 10 տոկոսը: Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների թիվը կկազմի 30 տոկոս։ «Սա միջազգային դպրոց է և տարածաշրջանում առաջինն է, որը բավականին լուրջ հավակնություններ ունի մրցելու աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների հետ: Հետևաբար՝ մենք հուսով ենք, որ բազմաթիվ ծնողներ իրենց երեխաներին կուղարկեն հենց այս քոլեջ` նաև հաշվի առնելով, որ իրենց երեխաներն այստեղ կստանան իսկապես բարձրակարգ կրթություն»։

Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը ցանկացողներին հորդորեց չվարանել, քանի որ հայտերի ընդունելության վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր: Նա նաև շտապեց հերքել քոլեջի անվան շուրջ պտտվող առասպելները, ըստ որոնց Դիլիջանի քոլեջը մեծահարուստների համար է: «Նման բան չկա, ընդունելության ժամանակ հաշվի են առնվում բացառապես աշակերտի հնարավորություններն ու գիտելիքները»,- ասաց։ Հանձնաժողովն առաջին հերթին հաշվի է առնում  աշակերտի աչքերի մեջ եղած կայծը և աշխարհը դեպի լավը փոխելու նրա  ձգտումը, իր հերթին ավելացրեց Վերոնիկա Զոնաբենդը:

Նշենք, որ որ Դիլջանի քոլեջում ուսումնառությունը 2 տարի է: Ուսման տարեկան վարձը 30 հազար դոլար է, սակայն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար: Քոլեջից հետո շրջանավարտներն իրենց կրթությունը կշարոնակեն աշխարհի ցանկացած առաջատար համալսարանում։

Ցուցադրել ավելի
Back to top button