ԿարևորՔաղաքական

Բնակչությունը անկոտրուն կանգնած է բանակի կողքին, ասում է Մովսեսի գյուղապետը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի վերջին անհաջող դիվերսիայից հետո սահմանային լարվածությունը գնալով թեժանում է և սա այն դեպքում, երբ այսօր նախատեսված է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Արդեն օրինաչափություն է դարձել հերթական բանակցություննրի շեմին Ադրբեջանի նման շանտաժային մարտավարությունը:

Ադրբեջանական զորամիավորումների հերթական դիվերսիայի կանխման գործում կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի նահատակությունից ի վեր հակառակորդի կողմից կրակոցները չեն դադարում: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն` հակառակորդը լռեցվում է մեր զինված ուժերի համարժեք գործողություններից հետո։

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հակառակորդի կողմից ամբողջ գիշեր ընդհատումներով հնչել են կրակոցներ: Տուժածներ չկան, իսկ նյութականն էլ ամեն կրակոցից հետո տանիքների ու պատերին վնասվելն է։ Այժմ կրակոցները դադարել են, բնակչությունն էլ իր բնականոն կյանքով է ապրում, վստահեցնում է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

Այդուհանդերձ՝ սահմանամերձ գյուղերում իրավիճակը հանգիստ չէ: Ըստ Մանվել Կամենդատյանի՝ իրավիճակը վերահսկելի է: Սահմանին լարվածությունը միշտ էլ եղել է, սակայն հունվարի 19-ին ադրբեջանական դիվերսիոն անհաջող հարձակումներից հետո փոխվել է անկանոն կրակոցների հաճախականությունը: Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն ասում է` թուրքերը երբ ուզում, այն ժամանակ էլ կրակում են: Այստեղ էլ երեկոյան ժամը 22-ից սկսվել են ընդհատումներով ինտենսիվ կրակոցները և տևել մինչև առավոտը ժամը 4- ն անց կես։ Բնակչությունը անկոտրուն կանգնած է բանակի կողքին, ասում է:

Նախօրեի կրակոցներից վնասվել էր Մովսեսի գազատար խողովակը, սակայն, գյուղապետի տեղեկացմամբ, այն վերականգնվել է։ Բնակչությունն էլ ապրում է իր առօրյա հոգսերով: Երեխաներն էլ, թեև փոքր են, սակայն գիտակցում են, թե ինչ է կատարվում: Նույնիսկ այնքան են հմտացել, որ կարողանում են կռահել թե որ կրակոցը ինչ տրամաչափի զենքից է հնչում:
Հակառակորդի կրակոցները լռեցվում են մեր կողմից պատասխան կրակոցներից հետո միայն.« Եթե մերոնք պատասխանը չտան, այստեղ չեն թողնի մարդ շնչի»:

Ժողովրդի անվտանգության խնդիրները հարիր կազմակերպվում են, վստահեցնում է գյուղապետ Ավալյանը և ավելացնում, որ Մովսեսում երեկոյան ժամերին տղամարդիկ հավաքվում են գյուղապետարանում, որպեսզի Աստված մի արասցե դեպք գրանցվելու դեպքում էլ կարողանան ամբողջ թիմով օգնություն ցուցաբերել:
Մյուս սահմանամերձ Չինարիում էլ կյանքը սովորական հունով է ընթանում, խաղաղ, արևոտ, պայծառ օր է գյուղում, նշեց գյուղապետ Սամվել Սաղոյանը և վրդովված անդրադարձավ վերոնշյալ ապատեղեկատվությանը:
«ՄԵր ժողովուրդը ամուր կանգնածա, գիտակցում է, որ իր մեջքին կանգնած է հզոր բանակ, մեր բանակը կազմը պատրաստ, մարտական մեր անվտանգությունը կարողանում է ապահովել: Մենակ դուք երեկոյան տեսնեիք, ինչպես էին մեր երեխաները հակահարված տալիս էտ շներին: Որևիցե խուճապի բան չկա, մեր մոտ սովորական կյանքով ապրում ենք, մեր եռուզեռով»:

Գյուղապետը հպարտացավ մեր զինվորներով ու մարտունակ բանակով և նշեց, որ այժմ էլ պատրաստվում են բարձրանալ հենակետեր, իրենց շնորհակալությունն անձամբ հայտնելու մեր երկրի պաշտպաններին: Այգեպարում էլ երեկ անդադար հնչած կրակահերթերից վիրավորվել է գումարտակի հրամանատարի դուստրը` 16- ամյա Լիանա Անիկյանը, ում տեղափոխել են ռազմական հոսպիտալ, վիրահատական միջամտությամբ հեռացրել են ոտքի գնդակը և այժմ աղջկա վիճակը բժիշկները գնահատում են լավ:
Այգեպարի շփման գծում էլ այժմ վիճակը հանգիստ է:

Ցուցադրել ավելի
Back to top button