ՀասարակությունՏեսանյութ

2013- ին ավտովթարից զոհվել է 316 մարդ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ընթացիկ տարեսկզբից մեր երկրի ավտոճանապարհներին արդեն իսկ արձագրվել է 142 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել է 217 հոգի: Ըստ  Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայրության  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանի՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ զոհերի քանակը նվազել է 6-ով:

Այսօրվա ասուլիսի բուն առիթը անցյալ տարվա արդյունքների ամփոփումն էր: 2013 թվականին արձանագրվել է 2824 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316, վիրավորվել 3994 մարդ։ Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի ընթացքում ավտովթարների թիվը 2602 էր, որոնց հետևանքով զոհվել էր 311 մարդ, տարբեր մարմնական վնասվածքներ ստացել՝ 3739 հոգի։

Գնդապետ Սարգսյանը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացումը պայմանավորում է արտասահմանյան արտադրության նոր ավտամեքենաների թվի ավելացմամբ և ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ: Միևնույն ժամանակ՝ բարձրացել է վարորդների կարգապահությունը՝ շնորհիվ տեղադրված տեսախցիկների և արագաչափների: Վերջինների թիվը այս տարի ամբողջ հանրապետությունում կավելանա ևս 50-ով: 

Ճանապարհային ոստիկանության առջև խնդիր է դրված մոտակա 5 տարիների  ընթացքում  նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի քանակը 10 տոկոսով: Նախորդ 5 տարիների  ընթացքում հաջողվել է պակասեցնել զոհերի քանակը 23 տոկոսով:

Այս տարի ճանապարհային ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնելու երեխաների հետ տարվող աշխատանքներին: Այս տարի մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ հետիոտնի անվտանգության խնդիրներին։

Ցուցադրել ավելի
Back to top button