Հասարակություն

Որն է բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրման նպատակը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկայացրել է բուհերի վարկանիշավորման ազգային համակարգը, որում առկա են պետական և ոչ պետական բուհերն ու մասնաճյուղերը: Նա նշել է, որ բուհերի վարկանշավորման նպատակն է ուսանողներին, դասախոսներին, ծնողներին եւ գործատուներին արժանահավատ տեղեկատվություն տալ հայկական բուհերի մասին: Վարկանիշավորման վրա ազդել են սոցիոլոգիական հարցումները, որոնք արվել են ինչպես ուսանողների և դասախոսների, այնպեսլ էլ գործատուների շրջանում: Վարկանիշավորման ազգային համակարգի տվյալներն արդեն վաղն առավոտյան հասանելի կլինեն համացանցում:

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ գտնվում է բարեփոխումների փուլում, որը կարելի է բնորոշել իբրև անցումային փուլ բուհական համակարգի համար: Դե իսկ կրթական համակարգում թափանցիկության ապահովման կարևորագույն գործիքներից է բուհերի վարկանիշավորումը, որը համադրելի և բաց տեղեկատվություն է տրամադրում տարբեր երկրների բուհերի վերաբերյալ: Հայաստանում բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրման նպատակն է բարձրացնել բուհերի միջև մրցակցությունը և դրանց հաշվետվողականությունը, ինչպես նաև հասարակության իրազեկվածությունը բուհերում կրթության որակի վերաբերյալ:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն օրինակ կարծում է, որ վարկանիշավորումը նախևառաջ անհրաժեշտ է բուհերին, քանի որ բուհերի վարկանիշավորումը հնարավորություն կընձեռի նաև բացահայտել բուհերի վիճակը ներկա անցումային փուլում:

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ առաջարկվող վարկանիշավորման մեթոդաբանությունն այժմ փորձարկման փուլում է և ենթակա է փոփոխությունների, ներկայացնելով այս նոր համակարգի ներդրումը, նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Սոցիոլոգիական հարցումների համար ընտրվել է երեք թիրախային խումբ` ուսանողներ, դասախոսներ եւ գործատուներ: Հարցումներից երևում է, որ գործատուները աշխատանքի ընդունելու համար ըստ բուհերի նախապատվությունը տալիս են ԵՊՀ-ի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի,  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտներին: Նկատենք, սակայն, որ գործատուների խոսքը միշտ չէ, որ համապատասխանում է իրենց քայլերին:

Օրինակ`Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեպքում, գործատուները  համեմատաբար թերահավատորեն են մոտենում այս բուհին, սակայն աշխատաշուկայում այս բուհի շրջանավարտները բավականին մեծ թիվ են կազմում իրականում, ու դա ևս պարզ է դարձել հարցման արդյունքում: Նշենք, որ վարկանիշավորման ազգային համակարգի տվյալները վաղն առավոտյան արդեն հասանելի կլինեն համացանցում: Սկզբնական շրջանում կայքի աշխատանքները համակարգելու է նախարարությունը, սակայն Արմեն Աշոտյանը նշեց, որ մեկ-երկու տարի անց այն կփոխանցեն ոչ պետական որևէ կազմակերպության` պետության կողմից շահագրգռվածությունը չեզոքացնելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button