Հասարակություն

Ճարտարապետը հույս ունի, որ «Զվարթնոցը» չի քանդվի

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ճարտարապետության պատմության համար պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը  կանգնած է քանդման եզրին: Վերջերս քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի` շենքի քանդման հայտարարություններն արդեն դարձել են օրակարգային: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այդ հարցը նրա որոշելիքը չէ, այլ կառավարության։

«Սևան» հյուրանոց, Երիտասարդական պալատ և էլի մի շարք պատմամշակութային շենքեր, որոնք այսօր քանդվել են ու սեփականատերերն էլ ոչ մի պատասխանատվություն չեն կրում, արդյունքում՝ այդ տեղերում այժմ  ամայի տարածք է: Հիմա էլ «Զվարթնոց» օդանավակայանինն է հերթը, սակայն մի տարբերությամբ, որ ծրագիր կա այնտեղ այգի տնկել և զավարճանքի տարածք դարձնել։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան, սակայն, ասում է, որ նման նախագիծ չկա։

Վերջերս կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քանդվելու է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային  մասնաշենքը,: Սակայն տարեվերջին կառավարության վերջին նիստի ընթացքում հարցին անդրադարձել էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը և հանձնարարել կոնսեցիոներին այնպիսի լուծումներ գտնել, որը չի վնասի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանին։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը  կարծում է, որ քանդման մասին հայտարարությունը քաղավիացիայի վարչության պետի կողմից  շփոթմունք է եղել:  

Մինասյանը չգիտի, թե ինչու է քաղավիացիայի գլխավոր վարչության պետը  թյուրիմացության մեջ գցում հանրությանը և խորհուրդ տվեց վերջինիս զբաղվել իր վարչության հիմնական խնդիրներով: Ճարտարապետի փոխանցմամբ` շենքի քանդման պատճառաբանություններից մեկն այն է, որ կառույցը  պահպանելը մեծ գումարներ է պահանջում,  սակայն դրա համար սովետական մոդեռնիզմի լավագույն օրինակներից մեկը քանդելը ճարտարապետը սխալ է համարում։ «Նման մոտեցումն անթույլատրելի է։ Անընդհատ քանդելով՝ մենք ոչ մի տեղ չենք հասնի: Մենք կորցնում ենք լավագույն շենքերն առանց ափսոսանքի և կարծում եմ, որ մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա  ենք»։

Ճարտարապետների միության նախագահը  կարծում է, որ պետությունը պետք է ազդեցություն ունենա պատմաճարտարապետական շենքերի սեփականատերերի վրա՝ հույս հայտնելով, որ կառավարությունը  կառաջարկի սեփականատիրոջը պահպանել «Զվարթնոցի» հին  շենքը։

Ցուցադրել ավելի
Back to top button