ԿարևորՔաղաքական

Կրակոցների քանակով վերջին մի քանի օրը աննախադեպ էր, ասում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է, որ սահմանում հնչող կրակոցների քանակով վերջին մի քանի օրն աննախադեպ է եղել: Ամեն դեպքում Դավիթ Բաբայանը վստահեցրել է, որ Ղարաբաղի բնակչության մոտ այս առումով որեւէ խուճապային տրամադրություններ չկան, իսկ Պաշտպանության Բանակում էլ որեւէ վերադասավորում չկա: Այնտեղ միշտ է ուժեղացված ռեժիմ:

Հունվարի 24-ին նախատեսված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ի սկզբանե անարդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Ըստ նրա` արտգործնախարարների հանդիպմանը կարող է քննաևրկվել միայն մեկ հարց`տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման անհրաժեշտությունը:

«Բաքվի վերջին քայլերը, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, նախագահ Ալիեւի ֆաշիստական հայտարարությունները, որ Հայաստանը ադրբեջանցիների հողն է, որ նրանց ապագա սերունդները այնտեղ պետք է ապրեն, որեւէ հիմք չի տալիս մտածելու, որ կարելի է ինչ որ այլ հարցեր քննարկել»:

Խնդիրն այստեղ բացառապես Ադրբեջանի կեցվածն է, որը նոր որակ է ստանում: Ավանդական լարվածությունը, որ Ադրբեջանը ստեղծում է սահմանում արտգործնախարարների յուրաքանչյուր հանդիպումից առաջ, ըստ Դավիթ Բաբայանի` հետապնդում է ավելի գլոբալ խնդիրներ: Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տարածաշրջանային զարգացումներին: Օրինակ` Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների ժամանակավոր կարգավորման դեպքում Ադրբեջանի գործոնը տարածաշրջանում նվազում է, իսկ Ռուսաստանում Օլիմպիական խաղերի ընթացքում բոլոր երկրները շահագրգռված են, որ ամեն ինչ նորմալ անցնի:

«Բոլորի համար պարզ է, որ պատերազմը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ չի սահմանափակվելու այդ երկու պետություններով: Մենք գիտենք, որ Ադրբեջանն անկասկած առաջին գիծ է տանելու ազգային փոքրամասնություններին: Օրինակ` լեզգիններ եւ ավարցիներ ապրում են եւ Ռուսաստանում, Իրանում ապրում են թալիշներ: Այս իրավիճակում, հատկապես Ադրբեջանի պարտություններից հետո ժողովուրդը կարող է ոտքի կանգնել, սատարել իրենց եղբայրներին: Սա լայնացնում է հակամարտության մասնակիցների աշխարհագրությունը, իսկ սա որեւէ մեկին պետք չէ»:

Հենց այս վերլուծության համաձայն էլ, Ադրվեջանը այս շահարկման մեխանիզմով փորձում է զիջումներ կորզել միջազգային հանրությունից: Օրինակ`հանդուրժողականություն մարդու իրավունքների եւ կոռուպցիայի հետ կապված խնդիրների հարցում, ինչը որպես հետեւանք կբերի ռեժիմի պահպանմանը: Այսպիսով`Ադրբեջանին ամենեւին էլ անհրաժեշտ չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ասում է Դավիթ Բաբայանը:

«Այո, սա դարձել է մի դրոշակ, որ նրանք բարձրացնում են, բայց «պատերազմում» են, կամ ձգտում են լրիվ ուրիշ նպատակների»:

Ինչ վերաբերում է սահմանային վերջին միջադեպերին, ապա այդ առումով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակում որեւէ վերադասավորումներ չկա: Այնտեղ միշտ է ուժեղացված ռեժիմ: Իր հերթին Ղարաբաղի բնակչության մոտ խուճապային տրամադրություն նույնպես չկա:

«Խուճապ չկա առհասարակ: Անհանգստացած են, տխրում են, որ զոհվում է հայ զինվորը: Ընդհակառակը`կա բավականին համարձակ մթնոլորտ: Բացի դրանից, այդ ադրբեջանական կրակոցների ծանրակշիռ մասը վախի հետեւանք է: Կրակելը վախը հանելու մի ձեւ է: Այդ խուճապը մենք տեսնում ենք առաջին հերթին ադրբեջանական զորքի շարքերում: Սա շատ կարեւոր է, քանի որ հոգեբանական առումով այդ ահն ու սարսափը հայ զինվորի հանդեպ նրանք ունեն»:

Ի դեպ` նաեւ Դավիթ Բաբայանը հաստատեց, որ կրակոցների քանակով վերջին մի քանի օրը աննախադեպ էր:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button