Հասարակություն

Լրագրողների իրավունքները խախտվում են քաղաքական ակտիվ տարիներին. ԽԱՊԿ- ն ներկայացրեց 2013- ի զեկույցը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2013-ին լրագրողներն ու լրատվամիջոցներն աշխատել են ավելի լարված պայմաններում, քան 2012-ին. գնահատականը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեինն է: Կազմակերպությունն այսօր ներկայացրել է 2013 թ. տարեկան զեկույցը, որով ամփոփում է  լրատվամիջոցների գործունեության միջավայրի, խոսքի ազատության վիճակի և լրագրողների  իրավունքների խախտումների վիճակագրությունը: Կազմակերպությունը 2013-ին լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտման 77 դեպք է արձանագրել , դրանցից 10-ը  ֆիզիկական բռնության փաստեր են, 57-ը՝ ԶԼՄ-ների  և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ  ճնշումների դեպքեր, 10-ն էլ՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ: Ընդհանուր առմամբ՝ խախտումների թիվը, ըստ կազմակերպության,  2012-ի համեմատ աճել է մոտ մեկ տասնյակով։

Տարիներ շարունակ դիտարկելով խոսքի ազատության վիճակն ու  հայաստանյան լրատվամիջոցների գործունեության միջավայրը՝  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրում է հիմնական օրինաչափությունը. լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքներն  ավելի շատ խախտվում են քաղաքական ակտիվ տարիներին։

2013-ն այս տեսանկյունից պասիվ չէր. տարվա ընթացքում միանգամից 2՝ նախագահական ու Երևանի ավագանու ընտրություններ տեղի ունեցան, տարին աշխույժ էր նաև  քաղաքացիական շարժումների տեսանկյունից: Արդյունքում՝  կազմակերպությունը ներկայացնում է վերջին տարիների ընթացքում ծավալով ամենամեծ զեկույցը: «Ուզում եմ ընդգծել, որ 2013-ի տարեկան զեկույցը ամենածավալունն է վերջին տարիների մեր գործունեության բոլոր տարիների ընթացքում»,- ասաց։

Ընդհանուր առմամբ՝ ըստ Աշոտ Մելիքյանի,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2013-ին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման  77 դեպք է արձանագրել , դրանցից 10-ը  ֆիզիկական բռնության փաստեր են, 57-ը՝ ԶԼՄ-ների  և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ  ճնշումների միջադեպեր, 10-ն էլ՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ: Խախտումների թիվը 2012-ի համեմատությամբ աճել է մոտ մեկ տասնյակով: 

«ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին,  մենք արձանագրեցինք  լրագրողների նկատմամբ բռության 2 դեպք, ինչպես  նաև լրագրողների մասնագիտական գործունեության 4 խոչընդոտում: Ֆիզիկական բռնության 1 դեպք գրանցվեց Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում, իսկ ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ լրագրողների մասնագիտական գործունեության 8 այլ խոչընդոտում։ Ֆիզիկական բռնության 3 և ճնշումների 6 միջադեպ տեղի ունեցավ նաև վերը նշված քաղաքացիական շարժումները լուսաբանող լրագրողների նկատմամբ»։

Տարվա ընթացքում ավելացել է  նաև  վիրավորանքի ու զրպարտության հիմքով ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ դատարան ներկայացվող հայցերի քանակը: 2012-ին դրանք 17-ն էին, 2013-ին ՝ 24-ը: Թվի աճն արձանագրելով՝ կազմակերպության նախագահը նաև նկատում է, որ գործերի քննության առումով որակական տեղաշարժ, այնուամենայնիվ,  կա, ինչը նա կապում է 2011թ. նոյմեբրի 15-ի ՍԴ որոշման հետ: «Այսինքն՝ նախկինում հանդիպող այդ մաքսիմալ հայցապահանջները ՝ 3 կամ 2,5 միլիոնանոց, արդեն չեն հանդիպում, բայց միևնույնն  է, հայցերի քանակն աճում է»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ավանդաբար ամփոփում է նաև ոլորտը կարգավորող օրենսդրական հիմնական փոփոխությունները: 2013-ից 3  կարևոր կարգավորում է առանձնացնում:  Առաջինը « Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում հունիսին կատարաված փոփոխությունն է, որով 6 ամսով հետաձգվեց Հայաստանի  տարածքում անալոգային հեռարձակման ամբողջական դադարեցումը ՝ վերջնաժամկետ նշանակելով 2015-ի հուլիսի 1-ը հունվարի 1-ի փոխարեն:

Երկրորդ փոփոխությունը « Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում սեպտեմբերին կատարված փոփոխություններն են, որոնք կարգավորում են այլ լրատվամիջոցների նյութերն օգտագործելու պայմանները: Այս փոփոխությունը կոմիտեն կարևոր է համարում  հատկապես այն տեսանկյունից, որ նախաձեռնությունը լրագրողական համայնքինն էր, իսկ օրենսդիրն արագ արձագանքեց մտահոգությանն ու օրենսդրական ձևակերպում տվեց դրան:

Եվ վերջին փոփոխությունը, որը նույնպես  կոմիտեն դրական է գնահատում, տարեվերջին կառավարության նիստում հավանության արժանացած, բայց խորհրդարանում առայժմ չքննարկված փաթեթն է, որով նախատեսվում է Հանրային հեռուստատեսությամբ, որոշ բացառություններով, արգելել առևտրային գովազդի ցուցադրումը: Այս փոփոխությունը խորհրդարանը դեռ  պետք է քննարկի ու քվերակի, թերևս գարնանային նստաշրջանի ընթացքում: 

Ցուցադրել ավելի
Back to top button