Վերլուծական

Թուրքիան ձախողել է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայ- թուրքական հարաբերություններում մինչեւ 2015 թվականը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որեւէ տեղաշարժ հազիվ թե լինի, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Նա նկատել է, որ հայ- թուրքական հայտնի արձանագրությունների ձախողող կողմը Թուրքիան է եւ ամեն անգամ դրա մասին թուրքական կողմին հիշեցնում են գերտերությունները: Թուրքագետի խոսքով` այդ ճնշումներից խուսափելու համար Թուրքիան ամեն պատրվակ փորձում է օգտագործել` ցույց տալու համար, թե իրենք չեն հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Խոսելով Թուրքիայի ներկայիս վիճակի մասին` թուրքագետ Հակոբ Չաքրյանը նկատեց, որ այդ երկիրը լիակատար ձախողվեց իր` «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության մեջ: «Տարածաշրջանի 3 երկրներում` Եգիպտոսում, Իսրայելում, Սիրիայում դեսպան չունի, իսկ Իրաքի հետ շատ վատ հարաբերություններ են»:

Արձագանքելով հայ- թուրքական արձանագրություններին առնչվող հարցին՝ թուրքագետը կարծիք հայտնեց, որ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունները հետ կանչելը շատ կուրախացնի Թուրքիային, քանի որ դրանով  ձախողման պատասխանատվությունն իր վրա կվերցնի նաեւ Հայաստանը։ «Կարծում եմ իմաստ չունի հետ կանչել` թուրքերին ուրախացնելու առումով, որովհետեւ այդ դեպքում միայն թուրքերին չեն մեղադրի, մեզ էլ կմեղադրեն: Այսինքն` այլեւս չեն հայտարարի, որ գնդակը Թուրքիայի դաշտում է»: Թուրքագետը սա կարեւոր հանգամանք է համարում։

Խոսելով Թուրքիայում ներկայումս տեղի ունեցող զարգացումների մասին` թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նկատեց, որ այնտեղ այս պահին լուրջ ներքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում եւ հիմնականում իշխանության ներսում` գյուլենական շարժման եւ Էրդողանի առանցքի շուրջ: Թուրքագետը նկատեց, որ այս տարին կարեւոր է Էրդողանի համար, մինչդեռ` վերջինս դեռ երբեք այսքան թուլացած ու հոգեբանորեն ճնշված վիճակում ընտրությունների չի գնացել։ «Արդեն սոցիոլոգիական հարցումներով պարզվել է, որ էրդողանի ձայները նվազել են»։

Եթե անցած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցությունը հավաքել էր 51 տոկոս ձայն, ապա` ներկայումս այս թիվը մինչեւ 10 տոկոսով նվազելու է: Այս գիտակցմամբ էլ, ըստ թուրքագետի, Էրդողանի կուսակցությունը մասնակցելու է նախ առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը լուրջ վտանգ ունի` կորցնելու երկու կարեւոր հենակետերը` Ստամբուլն ու Անկարան:

Թուրքագետի գնահատմամբ` Էրդողան-գյուլենական շարժում ներիշխանական հակասություններից օգտվող է դուրս գալիս ու շահեկան դիրքում է հայտնվում այդ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Վերլուծաբանը նկատեց, որ սա հետաքրքիր է այնքանով, որ վերջինս չի հերքել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Թուրքագետի փոխանցմամբ` Գյուլը նաեւ բավականին ընդունելի է համարվում գյուլենական շարժման կողմից, որի հետ հակասությունների մեջ է Էրդողանը:

Բացի այդ՝ Աբդուլա Գյուլը նաեւ ընդդիմության համակիրների կողմից է ընդունելի։ Բանախոսը կարծիք հայտնեց, որ նման տարբերակն ավելի ընդունելի է նաեւ հայկական համայնքի համար: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը միաժամանակ նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայում բոլորն էլ պայքարում են միահամուռ։

Ցուցադրել ավելի
Back to top button