ԿարևորՔաղաքական

Դիվերսիայի վայրի փորձանմուշները կարող են ներկայացվել ՄԽ համանախագահներին

Հայկական կողմը պատրաստ է ադրբեջանական դիվերսիայի վայրում հայտնաբերված նմուշները տրամադրել Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտարարել է պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը։

«Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ)  և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված վիճակում ուղարկվել են  մի շարք փորձաքննությունների: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որոնց ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով»,- «Արմենպրեսին» եւ «Հայ զինվորին» ասել է փոխնախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button