Հասարակություն

Պատահականություն թե՞ դիտավորություն. գերեզմանոցը վերականգնվել է

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

100 տարվա պատմություն ունեցող գերեզմանները չեն պղծվել, դրանք ամռանը անզգուշաբար տրորել է տրակտորը հարակից խաղողի այգում աշխատանքներ կատարելիս: Մոռացված շիրիմներն ամրագրվել են մանր ու միջին քարերով, խնդիրը կարգավորվել է դեռ ամռանը, սակայն նոր տարվան զուգընթաց հարցը կրկին գլուխ է բարձրացվում:

Արաքս երկաթգծի կայարանից որոշակի հեռավորության վրա , Մյասնիկյանի գինու գործարանի հարևանությամբ տեղացիների վկայությամբ կա մի քանի շիրիմ, որը արդեն 1 դարյա պատմություն ունի: Շիրիմները կողք-կողքի են, հավասարվել են հողին, չունեն տապանաքարերը և ցանկապատ: Սակայն տեղացիները միշտ էլ զգուշորեն են վերաբերվել տարածքին` գիտակցումով, որ դրանք գերեզմաններ են:

Մյասնիկյանցիները նշում են, որ իրենք շիրիմների մասին գիտեն մեծերի փոխանցմամբ, իսկ ազգությամբ եզդի Խաչիկ Շամոյանն էլ հաստատել է, որ այդ գերեզմանում է թաղված նաև իր եղբայրը, սակայն ստույգ չի կարող ասել, թե որն է այն: Երկաթգծի հարևանությամբ գտնվող մի քանի գերեզմանների վրա փոքր քարեր են դրված եղել, որոնք անզգուշաբար ամռանը տրորել է մեխանիզացիան հարակից խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս: Դեպքը եղել է հուլիս ամսին, որին անդրադարձել է եզդիական համայնքը եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանի միջնորդությամբ: Մյասնիկյան համայնքի ղեկավար Անդրանիկ Պետրոսյանը հետամուտ է եղել խնդրի լուծմանը:

Խաղողի այգին 2008 թվականից պատկանում է հարևանությամբ գտնվող գինու գործարանի սեփականատիրոջը` Սերյոժա Գրիգորյանին: Բողոքողների պնդմամբ գործարանատերը ցանկացել է ընդարձակել տարածքը և գնացել է այդ քայլին, ինչն էլ հերքում է և սեփականատերը և գյուղապետը: Հողը մշակում է Սերյոժա Գրիգորյանի որդին` Արսեն Գրիգորյանը: Նա նշեց, որ իրենց այգին մշակվում է այնքան տարածքով, որքանով որ հատկացվել է իրենց և որևէ խախտում չեն կատարել, իսկ տրակտորը պատահաբար է կպել գերեզմաններին:

Գյուղապետի հետ նրանք միասին մանր ու միջին մեծության քարերով ամրագրել են գերեզմանների տեղերը, որպեսզի տեսանելի լինի նաև ամռանը խոտածածկ տարածքում: Այդ գերեզմանները տեսանելի են նաև հիմա ձյան հաստ ծածկույթի տակ: Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը նշեց, որ երկաթգծի հարևանությամբ դտնվող մի քանի գերեզմանները գրեթե 100 տարվա պատմություն ունեն, իսկ Մյասնիկյան գյուղը հիմնվել է դրանից 50 տարի անց: «Դեռ 1902 թվականին, երբ կառուցվել է «Արաքս» երկաթգծի կայարանը, մերձակայքում, տարեցների փոխանցմամբ, ապրել է 8 հայ և 2 եզդի ընտանիք, որոնց շիրմներն էլ տեղ են գտել երկաթգծի հարևանությամբ, և դժվար է կռահել, թե որն է հայի և որն է եզդու գերեզմանը»,- ասաց գյուղապետը:

Մամուլում լայն շրջանառության մեջ էր նաև Արմավիրի մարզից պատգամավոր Հրանտ Գրիգորյանի` գեներալ – լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը, որը նշվում է, որպես գործարանի սեփականատեր Սերյոժա Գիրիգորյանի մերձավոր բարեկամ: Այս լուրերը գործարանի սեփաանատիրոջ որդին `Արսեն Գրիգորյանը հերքեց, նշելով, որ միայն իրենզ ազգանուններն են նույնը և իրենք որևէ կապ չունեն Հրանտ Գրիգորյանի հետ:
Դեպքից 7 ամիս անց, եզդիները կրկին անդրադառնում են այդ հարցին, որն անհասկանալի է նաև գյուղապետի համար, քանի որ խնդիրը լուծվել է ամռանը, տեղի եզդիներն էլ դրանում համոզվել են:

Ցուցադրել ավելի
Back to top button