ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. Բանակցություններն այլընտրանք չունեն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ- ադրբեջանական սահմանին սադրանքներ չպետք է լինեն, քանի որ դրանք խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը, եւ այդ տեսակետը հայտնեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները` քննադատելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին օրերի դեպքերը, այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանկ՝ ամփոփելով 2013- ի արտաքին քաղաքական տարին։ Նախարարը միաժամանակ նշել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ դրանք այլընտրանք չունեն։  

Անցած 2013 թվականը բավականին հագեցած տարի էր մեր երկրի արտաքին քաղաքականության համար։ Մասնավորապես՝ Հայաստանը նախագահեց երկու միջազգային կառույցներում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։ Թվային առումով այն ևս հագեցած էր՝ 2013 թվականի ընթացքում հանրապետության նախագահն իրականացրել է 15 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել պետության և կառավարության երեք ղեկավար, ԱԺ նախագահը 9 արտերկրյա այց է կատարել, Հայաստան է ժամանել 6 երկրի խորհրդարանի ղեկավար։ Վարչապետն իրականացրել է 6 արտերկրյա այցելություն։ Արտգործնախարարը կատարել է 48 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 12 երկրի արտգործնախարար և միջազգային կազմակերպության 10 ղեկավար:

Ըստ նախարար Նալբանդյանի՝ փոխայցելությունների արդյունքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ և ստորագրվել ութսունվեց միջազգային պայմանագրեր:  Անցյալ տարի Հայաստանը դեսպանատներ է հիմնել Շվեդիայում, Մեքսիկայում, Վատիկանում, Վիետնամում և Ինդոնեզիայում, մշտական ներկայացուցչություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, գլխավոր հյուպատոսություններ՝ Մարսելում և Լիոնում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել 5 պետության հետ (Վանուատու, Մյանմար, Սվազիլենդ, Ուգանդա, Մավրիկիոս)։

Որոշակի առաջընթաց երկամյա ընդմիջումից հետո արձանագրվեց արցախյան խնդրի կարգավորման գործընթացում։ «Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը 2013թ. շարունակեց Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ»,- ասաց նախարարը։

Այդ ջանքերը շարունակական բնույթ կկրեն և այս տարի։ Արդեն վաղը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ, որտեղ կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հաջորդ օրը կբանակցի իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ:  Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հավատարիմ է բանակցային սեղանին գտնվող խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին, նշեց մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: «Ադրբեջանը ապարդյուն փորձում է շարունակել անտեսել թե այդ սկզբունքները, թե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կոչերը»,- ասաց նախարար Նալբանդյանը։

Պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, մեր երկրի արտգործնախարը անդրադարձավ նոր առաջարկությունների վերաբերյալ Ռուսաստանի իր պաշտոնակցի կողմից նախօրեին արված հայտարարությանը, նշելով, որ նոր առաջարկներ չկան, իսկ թյուրիմացության առիթը՝ սխալ թարգմանությունն է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button