Վերլուծական

Դիվերսիոն հարձակումից հետո անիմաստ է բանակցային գործընթաց կազմակերպել, ասում է քաղաքագետը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հունվարի 24-ին Փարիզում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը:  ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահները նախորդ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ 2 երկրների նախագահների հանդիպումները նախատեսում են կազմակերպել այս տարվա առաջին կեսին:  Սակայն մինչ հունվարի 24-ը՝ նախարարների փարիզյան հանդիպումը,  արդեն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ հետ շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական ուժերի կողմից դիվերսիոն հարձակումներ են կատարվել: Փոխհրաձգության արդյունքում էլ հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ադրբեջանը տապալված դիվերսիայի արդյունքում եւս ունեցել էր կորուստներ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի խոսքով` դիվերսիոն գործողությունները իրավիճակային փոփոխություններ էին: Ադրբեջանի և Հայաստանի նախագահների 2013 թվականի  նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումից հետո առաջին անգամն է, որ Ադրբեջանը վերադառնում է իր նախկին  գործելաոճին, ասում է Մելիք- Շահնազարյանը և ավելացնում, որ նման պարագայում անիմաստ է համարում բանակցային գործընթաց կազմակերպելը:

Շփման գծում տիրող անհանգիստ իրավիճակը, քաղաքագետի կարծիքով, չի կարող հանգեցնել պատերազմական գործողությունների, առավել ևս այդտեղ թշնամու կողմից հաջողություններ գրանցել։ «Իմ կարծիքով՝ պաշտոնական Բաքուն մի խնդիր է փորձում լուծել այսօր. փորձում է իրավիճակային սպառնալիքներ ներկայացնելով  քաղաքական դիվիդենտներ շահել `հասնել նրան,  որպեսզի թե միջնորդները, թե հայկական կողմը շարունակաբար ինչ- որ բան խնդրեն կամ համոզեն Ադրբեջանին»։

Բաքուն լավ է գիտակցում պատերազմը սկսելու վտանգավոր սահմանագիծը և  փորձում են չանցնել այդ սահմանը, եզրափակեց քաղաքագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button