Քաղաքական

ԲՀԿ ներկայացուցիչը չի թաքցնում իր աջակցությունը երկրորդ նախագահին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ազգային Վիճակագրական Ծառայությունը թեեւ դեռ չի ամփոփել 2013 թվականի ցուցանիշները, բայց հունվար-նոյեմբերի առկա ցուցանիշները բացահայտում են մի շարք հետաքրքիր փաստեր: Այսօր դրանց անդրադարձել է ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Տնտեսական խնդիրներից բացի նա անդրադարձել է նաեւ քաղաքական հարցերին եւ իր անձնական աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին` նշելով, որ նա ժամանակին բավական արդյունավետ կառավարել է երկիրը:

2013 թվականի հունվար-նոյեմբեր վիճակագրական տվյալները փաստում են. նախատեսված 6.2 տոկոս տնտեսական աճը թերակատարվել է գրեթե կրկնակի: Համախառն Ներքին Արդյունքի կառուցվածքում ավանդապես մեծ տեղ գրավող առեւտրի եւ ծառայությունների տվյալները մտահոգող են, ասում է ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Աննախադեպ ցածր ցուցանիշներեն: Օրինակ` հացի սպառման ցուցանիշները: 4-5 հազար տոննայում անկում է եղել: Հացը այն ապրանքն է, որով մենք դատում ենք բնակչության առկա թվի մասին: Անկում է ապրել բուսական եւ կենդանական յուղերի սպառումը: Նաեւ աշխատանքային ակտիվ բնակչության ծավալները 2012 թվականի համեմատ 1 մլն 247 հազարից իջել է 1մլն 150 հազարի»:

Այս թվերից բխում է նաեւ գործազրկության մակարդակը, որը Հայաստանում այսօր 17 տոկոս է: Որպես օրինակ պատգամավորը նշում է. Ադրբեջանում նույն ցուցանիշը 6 տոկոս է, Ռուսաստանում` 5.9, ԱՊՀ այլ երկրներում` 8-ից 9 տոկոսի սահմաններում: Զգալի անկում է գրանցվել նաեւ էներգետիկայի ոլորտում: Ըստ պատգամավորի` 4.5-ից 5 տոկոս ավելի պակաս էլեկտրաէներգիա սպառվել անցյալ տարի:

«Էներգետիկան` տնտեսության ողնաշարն է: Էլեկտրաէներգիայի կամ գազի քիչ սպառումը 1-ից ավելի տոկոս աճի անկում է իր հերթին հետեւանքային ձեւով ապահովում: Սա լավ ցուցանիշ չէ»:

Միքայել Մելքումյանի ներկայացմամբ՝ ԲՀԿ-ն 20-ից ավելի աննախադեպ քայլեր է մշակում, որը պետք է իրականացնի կառավարությունը` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Պատգամավորը համոզված է. կկարողանան ստիպել կառավարությանը` լսել եւ իրականացնել առաջարկները: Բացի այդ խորհրդարանական չորս ուժերի միավորված պայքարը կենսաթոշակների կուտակային բաղադրիչի դեմ, հնարավոր է վերածվի Միացյալ Ճակատով պայքարի տարբեր ուղղություններով: Բայց սա դեռ այսօրվա խնդիր չէ:

«Մենք ասում ենք, որ պետք է կարողանանք աշխատել ծանրակշիռ կեցվածքով, ճիշտ գնահատելով պահը, ճիշտ հաշվարկելով բոլոր ուժերը կարողանանք հասնենք մի կետի բնական այդ քաղաքական համախմբումը տեղի կունենա: Եվ ես կարծում եմ մենք դեռեւս պետք է ճանապարհ անցնենք»:

Իսկ այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը եւ քաղաքականություն վերադառնալու հնարավոր հայտը որոշ վերլուծություններով կապում են հենց Բարգավաճ Հայաստանի հետ Միքայել Մելքումյանը հանգիստ է ընդունում: Հնարավո՞ր է հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ն սատարի Ռոբերտ Քոչարյանին, եթե նա առաջադրվի. Այս հարցին պատագամավորը փորձեց պատասխանել որպես անհատ:

«Եթե-ներով քաղաքականություն, իհարկե, չեն անում: Ասեմ, որ մինչեւ 18 թվականը, այս վիճակը չի կարող շարունակվել: Որպես պետական քաղաքական գործիչ ես չեմ թաքցնում աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, գտնում եմ, որ նա ծանրակշիռ պետական եւ քաղաքական գործիչ է: Ծանոթ եմ նրա կամքին եւ նա լիովին իրավունք ունի արտահայտել իր կարծիքները: Նա պետք է ավելի շուտ արտահայտվեր միգուցե, բայց եթե գտել է, որ այս պահին պետք է արտահայտվի` ես ողջունում եմ»:

Ամեն դեպքում տնտեսագետ պատգամավորը ակնարկում է, որ պետության ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում մի քաղաքական ուժ չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել խնդիրը լուծելու` հետեւաբար համագործակցությունը համարում է անհրաժեշտ:

Back to top button