Հասարակություն

Նա չի մտածել հերոսանալու մասին. ուղղակի մտածել է՝ խրամատից սկսվում է հայրենիքը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր հայոց բանակի սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին հոգեհանգստի պաշտոն է մատուցվել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում: Մարդիկ հավաքվել էին անխոս, փոքրիկ եկեղեցում բազմությունը չէր տեղավորվում, մոմերը վառվում էին, վառվում նաև դրսում: Արարողությանը մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահը, պաշտպանության բանակի սպայակազմը, բազմաթիվ քաղաքացիներ, երիտասարդները խոնարհել էին Հայաստանի և Արցախի պետական դրոշները։

«Արիության համար» մեդալի ամենաերիտասարդ ասպետի, պաշտպանության բանակի սերժանտ Արմեն Հովհանիսյանի նահատակությունը համախմբեց տարբեր հայացքներ, կենսակերպ ու մտահորիզոն ունեցող մարդկանց։  «Զինակից ընկեր». այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում Արմենին այդպես էին կոչում և պատերազմի բոհով անցած հրամանատարները, և քաղաքական գործիչները, և արարողությանը մասնակցող երիտասարդները։ Նա չի մտածել հերոսանալու մասին, պարզապես մտածել է, որ հետևում ընկերներն են, իրենց խրամատից սկսվում է հայրենիքը:

Այսօր Սեփանակերտում շատերը նաև հակադարձ քայլերի մասին էին խոսում և ասում, որ ղարբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 19-20 գիշերը տեղի ունեցածը ադրբեջանական սադրանքներից մեկն է, որը պետք է համարժեք գնահատական ստանա բոլոր առումներով։

Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն է, որ հերթական քայլն է 2012 թվականին Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումից հետո հարաբերությունները վերակենդանացնելու գործընթացի: «Այդ հանդիպումից ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն»,- ասում են ստեփանակերտցիները։

Ցուցադրել ավելի
Back to top button