Հասարակություն

Այս տարի կապիտալ նորոգումների ծավալն այլեւս այդքան չի լինի, ասում է Կամո Արեյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Անցած տարի Երեւանում կատարվել են ճանապարհների ու փողոցների ամենամեծ ծավալով կապիտալ նորոգումները: Նկատելով, որ այս հարցը բազմիցս շեշվում-շահարկվում է, փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց որոշակի պարզաբանումներ: Նրա խոսքով` խնդիր էր դրվել, որ մեծ նշանակություն ունեցող փողոցները պիտի հիմնանորոգվեին մի քանի պարզ պատճառներով: Նախ, որ` շահագործման արդեն 11-րդ տարին էր առաջին նորոգումից: Բացի այդ «կոյուղատար համակարգի 80 տոկոսը անցնում է երթեւեկ փողոցների մեջտեղով, ջրատար համակարգերի գրեթե 50- 60 տոկոսն անցնում է նույն ճանապարհով եւ բոլոր դիտահորերը տեղադրված են  երթեւեկի վրա»։ Իսկ ջրերի հոսքն ու վթարները պատճառ են դառնում նոր վերանորոգումների համար, ասում է Արեյանը։

Փոխքաղաքապետը հավելեց նաեւ, որ այս տարի կապիտալ նորոգումների ծավալն այլեւս այդքան չի լինի: Գույքագրում իրականացնելուց հետո` կներկայացվեն նորոգման եւ հիմնանորոգման ծավալները: Այս պահին էլ, Կամո Արեյանի փոխանցմամբ, 4.2 մլրդ դրամ արդեն նախատեսված է։ Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ Իսակով-Լենինգրադյան նոր մայրուղու շինարարությունն ընթանում է նախատեսված գրաֆիկի համաձայն, շեղումներ չկան, որակի հաշվին արագացումներ չեն լինի եւ 2014-ի ընթացքում այն կհանձնվի շահագործման, ինչն իր հերթին զգալիորեն կթեթեւացնի մայրաքաղաքի մի շարք փողոցների երթեւեկությունը։

Անդրադառնալով ձյան մաքրման աշխատանքների հետ կապված եւ այդ աշխատանքների արդյունքում վարչական շրջանների մի շարք պատասխանատուներին քաղաքապետի հայտարարած խիստ նկատողություններին առնչվող հարցին` փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ դրանք պայմանավորված էին մի շարք բացթողումներով։ Նա միաժամանակ նկատեց, որ եվ առաջին, եւ երկրորդ անգամ տեղացած ձյան ժամանակ ճանապարհների անանցանելի չլինելու պատճառով մեքենաների կուտակումներ, խցանումներ, փողոցներ փակվելու դեպքեր չեն գրանցվել։

Ինչ վերաբերում է մայթերի մաքրմանը, ապա փոխքաղաքապետը շեշտեց, թե այնպես չէ, որ բարեխիղճ քաղաքացիներն իրենց կամքով դուրս են եկել ու քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի փոխարեն աշխատել` ինչպես որոշ դեպքերում ներկայացնում էին որոշ լրատվամիջոցներ: Մինչդեռ` այդ ամենը կարգավորող իրավական ակտերն ընդունված են արդեն 5 տարի։

Փոխքաղաքապետի խոսքով` որոշ վարչական շրջանների բաժիններ, նաեւ  քաղաքապետարանի համարժեք պատասխանատուներ լրջորեն չէին հետեւել աշխատանքներին, որի վերաբերյալ զգուշացվել էին դեռեւս աշնանը: Արդյունքում` նրանք ստացել են խիստ նկատողություն: Թեման եզրափակելով փոխքաղաքապետ Կամո Արեյանը նաեւ հայտարարեց.  «Թերացողներն էլի կստանան նկատողություն։ Ի դեպ՝ նորից կրկնվեց` կազատվեն աշխատանքից»:

Ցուցադրել ավելի
Back to top button