ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական դիպուկահարներից բնակչությանը պաշտպանելու համար նոր ճանապարհ կկառուցվի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակման, այլընտրանքային ճանապարհի կառուցման և անվտանգության վերաբերյալ են այսօր խոսել ճանապարհի և անվտանգության պատասխանատուները։ Սահմանամերձ ճանապարհը մինչ օրս փակ է: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղեր մուտք ու ելք անելու համար կա ևս երկու ճանապարհ`Բերդ-Ճամբարակն ու Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևանը, որոնք երկուսն էլ գտնվում են անբարեկարգ վիճակում: Այդ իսկ պատճառով դեռևս անցյալ տարվանից կառուցվում է նոր ճանապարհ, որը հունիսին արդեն կհանձնվի շահագործման, ասել է Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը:

Արդեն երեք ամիս է՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող 16 գյուղերի բնակիչները, կարելի է ասել, գտնվում են շրջափակման մեջ: Ստեղծված իրավիճակի պատճառը հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմից հնչած կրակոցներն են, որի հետևանքով զոհվեց մեկ,  վիրավորվեց մի քանի հայ զինծառայող: Հաշվի առնելով խնդրի ռազմաքաղաքական կողմը` ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ Սուրեն Դարբինյանը նշեց, որ չնայած անվտանգության երաշխիքներին, ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է փոխադարձ կրակոցներ բացառելու հրադադարի կանոնները:

«Միջազգային ասպարեզում բազմաթիվ պայմանավորվածություններից հետո ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունները: Եվ գաղտնիք չէ, որ հայկական կողմը ավելի մեծ դիրքային առավելություններ ունի պատժելու ադրբեջանցիներին, բայց հայկական կողմը նման գործողությունների չի դիմում»,- ասում է նա։

Միայն անցյալ տարվա ընթացքում և միայն Տավուշի տարածքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ, ասաց ՀՀ ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը:   Եվ սա այն դեպքում, երբ մեր կողմի պատասխան կրակը եղել է 2 անգամ քիչ: «Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատասխան կրակ բացել, ուղղակի մենք աշխատում ենք կրակ բացել ծայրահեղ դեպքերում»։

Այսպիսով` հրադադադարի ռեժիմի խախտման արդյունքում բնակիչների համար բանուկ ավտոճանապարհ համարվող Պառավաքար-Վազաշենը պաշտոնապես փակ է մինչ օրս։ Սահմանամերձ ճանապարհը, իհարկե, շարունակում է շահագործվել, բայց բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հայտնեց Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը: «Պաշտոնապես հայտարարվել է ու խորհուրդ չի տրվում, բայց երթևեկություն իրականացվում է: Ես ինքս հունվարին երթևեկել եմ Բերդի տարածք: Այլընտրանքային ճանապարհներ ևս կան, որոնք ժամանակ առ ժամանակ փակվում են»,- ասում է պաշտոնյան։

Քանի որ այլընտրանքային 2 ճանապարհներն էլ անբարեկարգ են, դեռևս անցյալ տարվանից սկսվել է նոր ճանապարհի կառուցումը, որը նախագծի համաձայն բոլոր առումներով պետք է լինի անվտանգ, նշեց տրանսպորտի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը: «Ընդհանուր շրջանցիկ ճանապարհի երկարությունը կազմելու է 3կմ, 188 մետր, երթևեկելի մասի միջին լայնությունը 6-7 մետր, իսկ ընդհանուր հողային պաստառի լայնույթունը՝ 10 մետր:  Անվտանգության նկատառումներից ելնելով կառուցվելու են լրացուցիչ պաշտպանիչ  պատնեշներ, տեղադրվելու են ճանապարհային երթևեկության անվտանգության նշաններ: Ճանապարհը հանդիսանալու է շրջանցիկ ճանապարհ գործող ճանապարհին: Պարզապես սա լինելու է լիովին անվտանգ ճանապարհ»։

Այս նոր ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հունիսին, սակայն եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, չի բացառվում, որ այն պատրաստ կլինի ավելի շուտ: Նշենք, որ տվյալ ճանապարհի կառուցման համար տրամադրվել է 460 միլիոն դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button