ԿարևորՏնտեսական

Սոցապ նախարար.«Հպարտ կլինեմ, եթե ես ևս համարվեմ բարեփոխումների կնքահայր»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ու այս տարվա գերակա ուղղություններն է ներկայացրել աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Լրագրողներին, սակայն, հետաքրքրող հարցերի առյուծի բաժինը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին է վերաբերել: «Որոշումները, որոնք որ կայացվել են, որոշումներ են, որոնք բխում են, մեր երկրի, մեր քաղաքացիների շահերից: Միայն հպարտ կլինեմ, եթե ես ևս համարվեմ բարեփոխումների կնքահայր»,- հայտարարել է Արտեմ Ասատրյանը:

Բարեփոխումների կնքահայր կհամարվի, թե հայր, կարևոր չէ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի համար կարևորն այն է, որ կանգնած է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ակունքում: Ասատրյանը վստահ է՝ իարվիճակը սթափ է գնահատվում, իրականացվող բոլոր քայլերը հետևողական են ու մեկ նպատակ ունեն՝ լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները. «Որոշումները, որոնք որ կայացվել են, որոշումներ են, որոնք բխում են, մեր երկրի, մեր քաղաքացիների շահերից: Միայն հպարտ կլինեմ, եթե ես ևս համարվեմ բարեփոխումների կնքահայր, ես դրա մեջ տեսնում եմ մեր երկրի ու մեր ժողովրդի համար կարևորագույն որոշումներ կայացված, իրենց առարկայական արդյունքները ցույց են տալու տարիների ընթացքում»:

Աշխատանքի ու սոցիալական հրացերի նախարարը չի կիսում տարածված այն կարծիքը, որ նոր համակարգին անցնելիս իրազեկման լայնածավալ աշխատանքներ չեն կատարվել, իսկ քաղաքացիները տեղյակ չեն կամ մասնակի են տեղյակ, քանի որ սովորության համաձայն, հետաքրքրվում են, երբ անմիջականաորեն են առնչվում որևէ խնդրի հետ: Արտեմ Ասատրայնը տեղյակ չէ, թե քանի քաղաքացի է մինչ այժմ կենսաթոշակային ֆոնդ ընտրել, չունի նաև հետևյալ հարցի պատասխանը, եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի «կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները, ինչպե՞ս են վերադարձնելու քաղաքացիների հինգ տոկոսները:

Պետական ու ոչ միայն հատվածի որոշ աշխատողների աշխատավարձերը կբարձանան, իսկ մինչ այդ, նրանք ստիպված են ըմբռնումով մոտենալ հարցին, բավարարվել նրանով, որ ապագայի համար են կուտակում: «Մեր աշխատող քաղաքացին հասկանում է, որ այդ անհատական հաշվին կուտակված միջոցները վաղվա իր բարեկեցիկ ծերության գրավականն են: Ի վերջո մեր քաղաքացիները, որպեսզի վաղը ևս չանդրադառնան այն հարցին, թե ինչու են կենսաթոշակները ցածր, ներդրվել է համակարգ, որը քաղաքական որոշումներից զերծ համակարգ է»:

Արտեմ Ասատրյանն այսօր ներկայացրեց այս տարվա գերակա ուղղությունները, խոսեց նախորդ տարվա իրականացրած աշխատանքներից, որոնց արդյունքում ի դեպ, տարեվերջին գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 16,2 տոկոս, 2012-ի՝ 17,3 տոկոսի փոխարեն: Որդեգրվել է 47 երեխա, որից 27-ը՝ օտարեկրյա քաղաքացիների կողմից: Այս տարի նախարարությունը զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրում կապահովի, հաշմանդամության սահմանաման մոդելի ներդրման հենք կստեղծի, ինտերգրված սոցիալական ծառայությունների տրամադրման իրավական դաշտը կկարգավորի:

Ցուցադրել ավելի
Back to top button