Հասարակություն

Մհեր Շահգելդյան.«Եվրանեսթի նիստը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Առաջիկայում մեկնարկելու է ԵԽԽՎ հերթական նիստը, որին հնարավոր է, քննարկվի ոչ թե ուղղակի Հայաստանի հետ կապված որեւէ հարց, այլ` պատվիրակության կազմի խնդիրները: Հիշեցնենք, որ հարցը վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` խմբակցության կազմից դուրս մնալուն: Դեպքերի նման զարգացում, սակայն, չի կանխատեսում Օրինաց Երկիրը խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Նա, թեեւ պատվիրակության փոխարինող անդամ է, բայց այս անգամ մեկնելու է Ստրասբուրգ: Իսկ մինչ այդ Մհեր Շահգելդյանը մեկնելու է Բրյուսել Եվրանեսթի աշխատանքներին մասնակցելու համար:

Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու Եվրանեսթի տնտեսական հանձնաժողովի նիստը, որին Հայաստանից զեկույցով հանդես են գալու Օրինաց Երկր խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ Հանրապետական խմբակցությունից Կարեն Ճշմարիտյանը: Նիստը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, ասում է Մհեր Շահգելդյանը:

«Ներկայացվելու է մի զեկույց, որը վերաբերում է կոմունիկացիոն ազատությանը, ցանցերի ազատ գործունեությանը, այդ թվում` երկաթուղային, օդային եւ ավտոմոբիլային: Դրանից բացի մոտեցումներ կան, որը սկզբունքորեն, մենք կարծում ենք, պետք է դիտարկվի ծով չունեցող երկրների հարցը»:

Միջազգային տարբեր հարթակներում հայկական պատվիրակությունները մեկ այլ կարեւոր հարց էլ ունեն: Ըստ Մհեր Շահգելդյանի` պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ադրբեջանական սահմանային սադրանքներին եւ դիվերսիոն գործողություններին: Սակայն, Մհեր Շահգելդյանը համոզված է. նման միջադեպերը նորից կկրկնվեն եւ դրան պետք է պատրաստ լինել:

«Դրվանագիտական խնդիրները դիվանագիտական խնդիրներ, սակայն հիմնական հարցը պաշտպանության խնդրի բարձրացումն է եւ հայկական բանակի առավել նոր ռազմական տեխնիկայով վերազինումը: Դրանից բացի հայկական ԶՈՒ մի շարք դեպքերում շատ կոշտ պատասխաններ են տալիս Ադրբեջանին, որը պարտադիր է»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա տարին բավական հետաքրքիր է համարում Մհեր Շահգելդյանը` քաղաքական ակտիվության առումով: Երկրորդ նախագահի հարցազրույցներում նա քաղաքականություն վերադառնալու հայտ է տեսնում, ինչպես նաեւ` ուշադրություն է հրավիրում հետեւյալ կապի վրա:

«Գաղտնիք չէ նաեւ Հայաստանում, որ երկրորդ նախագահի եւ ԲՀԿ ու ՀՅԴ միջեւ հարաբերությունները բավական մոտ են, ունեն պատմություն եւ մի շարք պատգամավորներ երկու կուսակցությունից էլ անմիջապես արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանի մոտեցումներին»:

Արդյո՞ք նշված կուսակցությունները հենարան կդառնան Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ապահովելու համար, Մհեր Շահգելդյանը չցանկացավ մեկնաբանել: Փոխարենը մեկնաբանեց «Դեմ եմ» նշանաբանով հանրահավաքը:

«Մենք կարծում ենք, որ հասարակության մեջ ոչ այնքան խնդիր կա բուն կուտակային հիմնադրամների մեխանիզմի ձեւավորման, որքան վստահության պակաս կա, թե այդ մեխանիզմը ինչպես կաշխատի, արդյոք գումարները պաշտպանված կլինեն: Այս բոլոր խնդիրները պետք է լուծել»:

Լուծել ասելով՝ Մհեր Շահգելդյանը նկատի ունի թղթի վրա մշակվելիք մեխանիզմները, ինչն էլ այսօր նախաձեռնել է Օրինաց Երկիրը: Իսկ այն, որ անվստահության պատճառը` իշխանության համար պատասխանատվության եւ թերացումների դեպքում հրաժարակի ինստիտուտի բացակայությունն է Մհեր Շահգելդյանը չի ընդունում: Ի տարբերություն լրագրողների նա նկատել է պատասխանատվության եւ նույնիսկ պատիժների դրսեւորումներ:

Back to top button