ԿարևորՄիջազգային

Իրադրությունը Ուկրաինայում. հայացք Կիեւից եւ Երեւանից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ հագուցալուծում կստանան ուկրաինական զարգացումները, սպառված են արդյո՞ք իշխանություն- ընդդիմություն երկխոսության հնարավարությունները. Մեդիա կենտրոնում այսօր քննարկում է հրավիրվել  «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով: Զարգացումները գնահատել ու հնարավոր ելքերի մասին խոսել են «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քննարկմանը  տեսազանգի միջոցով միացել են նաև Կիևից. Ուկրաինայի մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին պատմել է  «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան, իրավիճակը  Կիևից գնահատել է նաև  Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսապան  Ալեքսանդր Բոժկոն:

Հարցին , թե ինչ իրավիաճակ է Մայդանում այսօր, Երևանում ընթացող քննարկման մասնակիցներին Կիևից պատմեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան: Նրա գնահատմամբ՝ իրադրությունն Ուկարինայի մայրաքաղաքում շարունակում է լարված մնալ, թեև  լրատվական տեսանյութերով գուցե ավելի ահավոր է թվում, քան կա իրականում:  Ըստ ուկրաինացի վերլուծաբանի՝ մարդիկ Մայդանում  պայքարում են  եվրոպական հեռանկարի համար, որից զրկվեցին վիլնյուսյան գագաթաժողովից հետո։

Եվրոպական հեռանկարի համար պայքարող ուկրաինացիների  բոլոր հույսերի վերջակետը, ըստ Շուլգայի, դրեց  հունվարի 16-ին ընդունված փաթեթը:  Փոփոխությունները,  որոնցով  սահմանափակվում են խոսքի, հավաքների ու տեղաշարժի ազատությունը, Ուկրաինայի ընդդիմությունը, վերլուծաբանի խոսքով ,  հակասահմանադրական է համարում ոչ միայն դրա բովանդակությունը, այլ նաև ընդունման ընթացակարգային խախտումները հաշվի առնելով։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ երկխոսություն սկսելու կոչերն ու հայտարարություններն առայժմ հաջողությամբ չունեն: Իրական բանակցություններ իշխանության և ընդդիմության միջև չեն ընթանում, ասում   է  Դմիտրի Շուլգան:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Արևմուտքի արձագանքը համարժեք չէ Կիևում ստեղծված  իրավիճակին: Չնայած որոշ կոշտ երանգների՝ դրանք շատ բանով չեն տարբերվում նախորդներից և դժվար թե էական ազդեցություն ունենան իշխանությունների վարքագծի վրա, նկատեց վերլուծաբանը:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ էլ՝ ստեղծված իրավիճակին  համարժեք չէ Ուկրաինայի իշխանության արձագանքը:  Ըստ նրա՝ իշխանությունը չունի ընդդիմության հետ բանակցելու իրական ցանկություն: Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ մարտավարական հարցերում Ուկրաինայի ընդդիմությունը անորոշություն է դրսևորում, չնայած հեռանկարում պայքարում է եվրաինտեգրման համար:

Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ով նույնպես տեսազանգի միջոցով մասնակցում էր քննարկմանը,  չի կիսում տեսակետը, որ Ուկրաինայում հիասթափվել են ընդդիմությունից: Նա կարծում է, որ  խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները սպառված չեն, իսկ իրավիճակի ելքը կախված է  իշխանության քայլերից: 

Զուգահեռներ տանելով Հայաստանի և  Ուկրայինաի իրավիճակների միջև՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ եվրոպական ասոցացումից հրաժարվելու ուկրաինական պատճառները սոցիալ-տնտեսական էին, իսկ Հայաստանի դեպքում վճռորոշը  անվտանգության գործոնն էր, որն էլ պայմանավորեց քաղաքական ու հասարակական ուժերի այլ արձագանք:

Ցուցադրել ավելի
Back to top button