Մշակույթ

Թբիլիսիում լույս տեսնող «Կամուրջ» գրական-գեղարվեստական տարեգիրքը 100 տարեկան է

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

 Վրաստանում լույս տեսնող  հնագույն «Կամուրջ» գրական-գեղարվեստական տարեգիրքը արդեն 100- րդ անգամ  իր էջերում է հավաքում հայ և վրացի գրողների ստեղծագործությունները: Տարեգիրքը երկու ժողովուրդների բարեկամության կամուրջն է, որի հիմնադրումը կապված է Հովհ. Թումանյանի անվան հետ: 

Այսօր Թբիլիսիի արխիվներից մեկում պահպանվում է մի փաստաթուղթ, ըստ որի 1913թ. մի խումբ հայ մտավորականներ դիմում են Հովհ. Թումանյանին`  գրական տարեգիրք ունենալու խնդրանքով:  Թումանյանը  անմիջապես արձագանքում է, և լույս է տեսնում «Հրազդան» անունով տարեգիրքը, որը որոշ ժամանակ անվանում են նաև «Ալմանախ», իսկ 1961թ-ից «Կամուրջ»:

Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ այսօր շարունակում է վիրահայոց երբեմնի գրական հարուստ ավանդույթները: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքով. «Կամուրջ» տարեգիրքը, ինչպես նաև Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» տարեգիրքը հնարավորություն են տալիս հետևել ժամանակի հայ և վրացի ստեղծագործողների աշխատանքներին, իսկ գրողներին` մատուցել իրենց ստեղծագործությունները, փոխել ընթերցողի կյանքը, մտածել լավի, բարու ու գեղեցիկի մասին»:

Ըստ Վրաստանի հայ գրողների միության նախագահ, գրող Ժորա Սնխչյանի՝ Վրաստանում լույս տեսնող այս տարեգրեքերը լրացնում են մեկը մյուսին՝ վիրահայերին հնարավորություն տալով  ծանոթանալ ոչ միայն վրաց, այլև աշխարհասփյուռ հայ ստեղծագործողների գործերին: «Կամուրջի օգնում է, որ Վրաստանում անմար մնա հայ գրականության ջահը.  մի գիրք, որի միջոցով կարելի է տեղեկանալ թե ինչ է կատարվում Վրաստանի հայ գրականության կյանքում»,- ասում է։

Իսկ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին նկատում է. «Ալմանախ-Կամուրջը» դա բնական կամուրջ է հայ և վրաց  գրականության  միջև։ Կարևոր է, որ այն շարունակում է  պատմական  ավանդույթները՝ վեր հանելով նոր անուններ»:

90-ականների սկզբից տարեգիրքը կազմում ու խմբագրում է թբիլիսահայ գրող Անահիտ-Անի Բոստանջյանը, ում Վրաստանի գրողների միությունը հանձնեց Նիկո Նիկոլաձեի անվան գրական մրցանակը` որպես  հայ-վրացական կապերի իսկական կամրջողի։

«Կամուրջը սրբազան տարեգիրք է. այն բարեկամություն ու սեր է քարոզում, իրար է կապում հայ և վրաց ժողովուրդներին, բայց ոչ միայն։ Ես սկսելով խմբագրել տարեգիրքը՝ աշխարհասփյուռ հայերի ստեղծագործությունները ևս ներկայացնում եմ գրքում:  Մի խոսքով՝ սա արդեն համահայկական բնույթ է կրում»,- ասում է Անահիտ- Անի Բոստանջյանը, որն այժմ աշխատում է տարեգրքի հաջորդ թողարկման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button