Հասարակություն

Բժշկական համալսարանը կբացի գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոն

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհներ ստացած բուհերից է Երևանի պետական բժշկական համալսարանը: Նշենք, որ հիմնադրամն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության որակի, արդյունավետության, ինչպես նաև կրթության հասանելիության բարձրացմանը: Բժշկական համալսարանը ծրագրով նախատեսում է մինչև սեպտեմբեր բացել գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոն:

Հայտնի է, որ բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակը և մատչելիությունը կախված է բազմաթիվ գործոններից, որոնց մեջ կարևոր դերակատարությունը ունի բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը: Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանը նախաձեռնել է գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ստեղծում, որը կխթանի բուհի կրթքկան բարեփոխումների որակի և նորարարությունների զարգացումը, կնպաստի կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ներկայացնելով կենտրոնի առաքելությունը՝ համալսարանի գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Սեյրան Քոչարյանը նշեց, որ պատրաստվում են ձեռք բերել հատուկ վարժասարքեր՝ սիմուլյացիոն սարքավորումներ, որոնք ինչպես ուսանողներին, այնպես էլ գործող բժիշկներին հնարավորություն կտան ձեռք բերել գործնական հմտություններ՝ սկսած առաջին բուժօգնությունից, թերապևտիկ տարբեր միջամտություններից մինչև վիրաբուժական, վիրահատական հմտություններ։

Քանի որ փորձերը մարդկանց, հիվանդների վրա գրեթե անհնարին է, Սեյրան Քոչարյանը կարծում է, որ սիմուլյացիոն կենտրոնի հիմնումը պարզապես անհրաժեշտութուն է մեր օրերում: Բուհի գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղեկացմամբ` սիմուլյացիոն կենտրոնը պատրաստ կլինի և կհանձնվի շահագործման արդեն իսկ այս սեպտեմբերին:

Ցուցադրել ավելի
Back to top button