Հասարակություն

Այս տարի Մեծ պահքը կսկսվի մարտի 3-ին

Այս տարի Մեծ պահքը կսկսվի մարտի 3-ին, իսկ Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության՝ Զատկի տոնի նախօրեն:

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայ Առաքելական եկեղեցին սուրբ գրքային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով կազմվել է խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրազանցության ու անկման, աստված որոնողության, ինչպես նաև աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան ու կարևոր օրեր` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի,  Գալստյան եւ  Ծաղկազարդ:

Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ` մեղրի), որը ենթադրում է ՙհամեստ՚ սննունդ, զանազան ճոխ և համադամ  կերակուրներից և ոգելից խմիչքներից  ինքնազսպում:  Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը,  շատ կարևոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագներին և ժամերգություններին մասնակցելը, աղոթելը, բարին արարելը և միմյանց ներելը:

Back to top button