Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգը` Լոս Անջելեսում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Լոս Անջելեսի հայտնի Zipper սրահում տեղի է ուենեցել Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգը: Երեկոյին ներկա է եղել նաև մաեստրոն: Հնչել են նրա` տարբեր տարիների գրված ստեղծագործություններ` ներկայացնելով մաեստրոյի ստեղծագործական գործունեության ամբողջ գունապնակը: Օտարերկրյա երաժիշտները, ովքեր հրավիրված են եղել կատարելու նրա գործերը, նշել են, որ իրենց համար պատիվ է մասնակցել մեծ կոմպոզիտորի հոբելյանական երեկոյին:

Հունվարի 27-ին լրանում է Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75 ամյակը: Հոբելյան, որը զգալիորեն կաշխուժացնի երաժշտական կյանքը ամբողջ տարին: Հայ մեծ կոմպոզիտորին առաջիններից մեկը շնորհավորելու հնարավորություն ունեցան լոսանջելեսի երաժշտասերները. հայտնի Zipper սրահում Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված երեկոյին ներկա հայ և օտարազգի հանդիսատեսը կարողացավ վայելել նաև կոմպոզիտորի  ներկայությունը:

Դիլիջան սենեկային երաժշտության համերգաշարի շրջանակում Լարք երաժշտական ընկերակցության հետ համատեղ կազմակերպված համերգի ընթացքում ներկայացվեցին Տիգրան Մանսուրյանի 50 տարվա ստեղծագործական կյանքի տարբեր շրջանների գործեր, այդ թվում ` վաղ շրջանի գործերից` 25 տարեկանում գրված  սոնատը` թավջութակի և դաշնամուրի համար և երկու տարի առաջ գրված` Ձոն Լոտոսին ստեղծագործությունը: Կատարում էին Դիլիջան կամերային նվագախմբի և օտարազգի հրավիրված լավագույն երաժիշտներ: Մաեստրոն գոհ էր ծրագրից:

«Այս համերգը մեր տուրքն է հրաշալի կոմպոզիտորին և մեծ մարդուն: Մեզ համար մեծ բարեբախտություն էր նվագել նրա ստեղծագործություններից. նա այնքան տպավորիչ երաժիշտ է և համեստ մարդ և ներշնչանքի աղբյուր` բոլորիս համար»,-համերգից հետ ասաց իտալացի թավջութակահար Անտոնիո Լիսին:

Տիգրան Մանսուրյանի հոբելյանական երեկոյի հանդիսատեսը ոգևորությամբ հարցնում էր` երբ է մաեստրոյի հաջորդ համերգը, այն տեղի կունենա Կալիֆորնիայի համալսարանում: Մարդիկ նշում էին, որ ուշացած  բացահայտում են համաշխարհային մեծության հայազգի կոմպոզիտորի գործերի նոր շերտեր, որոնք կապված են մարդու գոյության հիմքերին:

Մաեստրոն մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում հանդես կգա նոր ստեղծագործությամբ` երգչախմբի, մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի համար Հավատով Խոստովանիմ աղոթաշարը` գրված Ներսես Շնորհալու 24 աղոթքների հիման վրա: Պրեմիերան նախատեսվում է աշնանը կայանալիք հոբելյանական մեծ համերգին:

Համերիգից հետո մաեստրոն հուզված էր հանդիսատեսի ջերմությունից. վաղուց արդեն օտարների կողմից դասական հսկաների շարքին դասվող կոմպոզիտորին չհանդարտվող ծափողջյուններով են դիմավորում աշխարհի ամեն անկյունում:

Մանսուրյանի հոբելյանական առաջին համերգի մասին երկու հոդված տպագրեց Լոս Անջելես թայմս պարբերականը:   Երաժշտաքննադատ Մարկ Սուիդը գրել է` մեկ անգամ Մանսուրյան լսելով, այլևս հնարավոր չէ մոռանալ նրա հնչյունների առեղծվածային աշխարհը:

Ցուցադրել ավելի
Back to top button