ԿարևորՏնտեսական

Սաստիկ ցուրտը` հավկիթի դեֆիցիտի պատճառ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մինչ Ամանոր, իրավասու մարմինենրը պարբերաբար վստահեցնում էին, որ Հայաստանում հավկիթի դեֆիցիտ ու գնի բարձրացում չի լինի: Դեկտեմբերի վերջը, սակայն, հակառակն ապացուցեց: Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր բացատրել է, թե Ամանորի նախաշեմին հավկիթի մասով, ի՞ նչ է կատարվել հայկական շուկայում: Պաշտոնյան վստահեցրել է, որ, այսպես ասենք, մեղավորը աննախադեպ ցրտերն են եղել:

Կառավարության ու մասնավորապես գյուղնախարարության ընդդիմախոսները շարունակում են միաբերան պնդել՝ Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ներկրող երկիր: Համադրելով պաշտոնական տվյալները՝ նրանք փաստում են տարեցտարի բարձրանում է նաև հավկիթի գինը: Եթե 2000-ականների սկզբին Հայաստանը ձու էր արտահանում Վրաստան, ապա անցյալ տարի նախատոնական օրերին, Ուկրաինայից ու Իրանից բացի, Հայաստանը ձու Վրաստանից է ներկրել: Նախատոնական օրերին 17 մլն հատ ձու է ներկրվել, սա տեղական արտադրանքի 2,5 տոկոսն է,- ասում է Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ու խոստովանում՝ «Նույնիսկ եթե չներկրվեն էլ, մենք մեր ներքին պահանջները կարող էինք բավարարել, եթե աշնան ամիսներին ավելի շատ կուտակեինք, իսկ ինչ վերաբերում է արտահանմանը, այո, մենք 2000-ականների սկզբին որոշ չափով ձու արտահանեցինք, հիմնականում Վրաստանի հանրապետություն, հիմա էլ մենք կարող ենք ձու արտահանել, մենք կարող ենք մեր ձվի արտադրության ծավալներն անմիջապես ավելացնել, տարեկան մինչև 80մլն-ից հարյուր միլիոնի սահմաններում»:

Կարող ենք, բայց չենք արտադրում մի պարզ պատճառով՝ տեղական արտադրողներն արտաքին շուկաներ գրավելու խնդիր ունեն: Եվ քանի որ իրացման շուկա չկա, ուստի հոսքագիծը պլանավորում են այնպես, որ բավարարեն միայն տեղական շուկան: Անդարդառնալով նախատոնական օրերին հավկիթի դեֆիցիտին, Հովհաննիսյանը պարզաբանեց, որ, այսպես ասենք, մեղավորը եղանակային պայմաններն ու աննախադեպ ցրտերն էին, առաքման դուրս եկած մեքենաները դեկտեմբերի 29 ու 30-ին չէին կարողացել շարժիչն աշխատեցնել ու միայն օրվա երկրորդ կեսին էին նախատեսված խմբաքանակները հասցրել իրացման կետեր: Այլ խնդիր պաշտոնյայի վստահեցմամբ, չի եղել, քանի որ իրենք դեռ աշնանն էին կանխատեսել իրավիճակն ու սկսել ձու պահեստավորել:

«Նախատոնական օրերին արտադրողն ու իրացնողը ձվի գինը չեն բարձրացրել»,- վստահեցրեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետն ու նշեց, որ Մալաթիայի ու Գումի շուկաներում ինքն էլ է նկատել ձվի գնի բարձացում: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյան.«Մենք թեժ գիծ ունեինք, և խնդրել էինք սպառողներին ձվի գնի թանկացման դեպքում դիմել մեզ, ոչ մի զանգ մենք չենք ստացել»:

Թռչնաբույծների միության նախագահն ի դեպ, խոսոտվանեց, որ թռչնաբուծարանները եթե ժամանակին խնդրով զբաղվեին, վառեկների գլխաքանակը չուշացնեին, կհասցնեին բավարարել ձվի պահանջարկը: Իսկ չհասցնելն իր պատճառներն ունի.«Բոլոր տնտեսություններն էլ ֆինանսական ծանր վիճակի մեջ էին գտնվում, և չէին կարողանում ազատ միջոցներ, շրջանառու միջոցներ գտնել, որ ժամանակին գլխաքանակը համալրեին: Այսինքն այն բացթողումը, որ կատարվեց այս ընթացքում, մենք մոտավորապես զգում էինք, դա մեզ համար ևս մեկ անգամ դաս եղավ, որ ժամանակին հարկավոր է գլխաքանակները կոմպլեկտավորել:

Թռչնաբուծարաններն, ի դեպ, այժմ էլ են շարունակում հավկիթ պահեստավորել: Հուսանք, որ Հարության տոնին ընդառաջ հերթական տհաճ անակնկալի առջև հայ սպառողները չեն կանգնի:

Ցուցադրել ավելի
Back to top button