Քաղաքական

Հրանտ Դինքի սպանությանը նվիրված համաժողովի թուրք մասնակիցները խոսել են հատուցումից

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Անկարայի մտքի ազատության կեդրոն» նախաձեռնությունը և  Արևմտահայոց ազգային համագումարը Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի շրջանակներում օրերս կազմակերպել են ոգեկոչման համաժողով` նվիրված մեծ մտավորականի հիշատակին: Ֆորումի ընթացքում  հայտնի մտավորականներ և իրավաբաններ քննարկել են Դինքի սպանության դատավարության ընթացքն ու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Մեծ եղեռնին առնչվող պատմական, իրավական և բարոյական խնդիրների լուծման հեռանկարները: Ֆորումի ընթացքում մի շարք մասնակիցներ հանդես են եկել հայտարարությամբ, որում իշխում էր փոխհատուցման տրամադրությունը: Հայկական կողմը, սակայն, ի տարբերություն մյուս մասնակիցների, այդ  հայտարարության տակ չի ստորագրել:

Մենք չենք ստորագրել այդ հայտարարության տակ, որովհետև կարծում ենք, որ ներկայացված  են եղել հայկական կողմի ոչ բոլոր պահանջները՝ խոսելով հունվարի 18-ին Անկարայում տեղի ունեցած և Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ոգեկոչման համաժողովի եւ ընդունված հայտարարության մասին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը:

Նրա տեղեկացմամբ` Արևմտահայոց ազգային համագումարի կազմակերպած «Հրանտ Դինքի սպանությունը 2015-ի հեռանկարին» ֆորումին մասնակցել են բավականին ազդեցիկ քաղաքական գործիչներ, իրավաբաններ, մտավորականներ՝ նաև թուրքական կողմից: Բացման խոսքը, սակայն, տրվել է իրեն` Արագած Ախոյանին: «Ինձ թվում էր` ամենածանր խոսքն իմը կլինի, բայց երբ սկսեցին ելույթ ունենալ արդեն նշած անձինք, հասկացանք, որ բավականին լուրջ են տրամադրված։ Ավելի ազդեցիկ ելույթներ եղան, ամենուր հնչում էր «ցեղասպանություն» բառը և պահանջում էին արդարության վերականգնում: Ասեմ, որ իրենց հնչեցրած հայտարարությունների մեջ մենք նկատում էինք իրենց իսկ պատմությունը սրբագրելու փորձ, որը առանց հայկական հարցի լուծման անհնար է: Այստեղ նշված է 11 կետ, բայց մենք, գուցե, ներկայացնում ենք 21 կետ, դրա համար էլ հայկական կողմը ձեռնպահ մնաց ստորագրելուց»,- պատմում է Ախոյանը։

Նրա տեղեկացմամբ` ֆորումին լրագրողներ չեն մասնակցել և լրատվամիջոցների մասնակցության սահմանափակումը եղել է միտումնավոր` ֆորումի աշխատանքները չխոչնդոտելու նպատակով: Ավելի ուշ տարածվել է ֆորումի հայտարարությունը, որից Արագած Ախոյանն առանձնացրեց հետևյալ պահանջները. «Ճանաչում, ներողություն, հատուցում, վերջ տալ պատմության ժխտման գործողություններին, անձնագիր և քաղաքացիություն, վերադաձ, բնակեցում և այլն»։

Հնչած բոլոր ելույթներում ԱԺ պատգամավորը նկատել է փոխհատուցման տրամադրություն և այդ հայտարարությունը ևս համարում է մեկ քայլ առաջ Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին ընդառաջ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք չկար ցուցադրական միտում, ուղղված միջազգային կառույցներին, ազգագրագետ Հարություն Մարությանը, ով ևս ազգային խորհրդի անդամ է, պատասխանեց, որ ինքը կտեսներ նման միտում, եթե ֆորումը կազմակերպվեր կառավարության անմիջական միջամտությամբ: Նրա տեղեկացմամբ` ֆորումին մասնակցում էին ոչ կառավարական կազմակերպություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button