ԿարևորՔաղաքական

Հայ զինծառայող է զոհվել. ադրբեջանական դիվերսիան խափանվել է (լրացված)

լրացվել է ժամը 17։25

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂ-ի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ հայկական կողմը երբեք նման գործողություններն անպատասխան չի թողնում.

Արծրուն Հովհաննիսյանի խոսքից

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել ղարաբաղա- ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն հարձակումից` փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքի վերաբերյալ: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա ցած չի ընկել եւ շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել եւ հետ շպրտել թշնամուն՝ պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Back to top button