Հասարակություն

Կովկասի կանայք՝ հանուն խաղաղության

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ապրիլին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել մեծ կոնֆերանս, որին մասնակցելու են Հարավային Կովկասից բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ որոնելու են Կովկասում խաղաղություն հաստատելու ճանապարհները: Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առաքելությունը արդեն ստանձնել են կանայք` ստեղծելով «Խաղաղությունը սկսվում է քո տնից» նախաձեռնությունը: Թե պատերազմում եւ թե խաղաղության մեջ կնոջ դերը շատ մեծ է, ասում է Չեչնիայի պատերազմը տեսած Իննա Հայրապետյանը, ով իր գործունեության համար արժանացել է Անահիտ Բայանդուրի անվան Կովկասի երիտասարդ կանանց խաղաղության պարգեւիին։

Այսօր գիշերը  տեղի ունեցած սահմանային միջադեպը նոր լիցք տվեց մի շարք հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց աշխատելու հանուն խաղաղության: «Խաղաղությունը սկսվում է քո տնից» նախաձեռնությանը արդեն միացել է Հարավային Կովկասի 15 կազմակերպություն։ Սա բավարար չէ, քանի որ Կովկասը ավելի լայն հասկացություն է եւ իր մեջ ներառում է շուրջ 50 ազգ: Նախաձեռնության հեղինակ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության հիմնադիր Գյուլնարա Շահինյանի համոզմամբ` «մենք այստեղ ենք ապրում, մենք հարեւաններ ենք եւ ուրիշ տեղ այստեղից չենք գնալու», հետեւաբար՝ քաղաքացիական հասարակության ջանքերով, թեկուզ եւ փոքր քայլերով, պետք է սկսել խաղաղության ավելի խորքային գործընթաց:

Ի դեպ` նախաձեռնության մեջ ակտիվ մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչները։  Առայժմ փոքրիկ խմբերով հանդիպումները ապացուցում են, որ ամեն ինչ դեռ կորած չէ եւ խաղաղություն դեռ կարելի է հաստատել հակամարտող երկրների միջեւ, իր հերթին համոզված է  Անահիտ Բայանդուրի անվան Կովկասի երիտասարդ կանանց խաղաղության պարգեւին արժանացած Զարուհի Հովհաննիսյանը: «Առաջին անգամ, երբ ես հանդիպեցի ադրբեջանական խմբի հետ, նրանց մոտ հնչեց բառացի մի այսպիսի արտահայտություն. «Ես տեսնում եմ, որ լավ կրթված, գեղեցիկ, լավ հագնված մարդիկ են, իսկ մեզ միշտ ասում էին, որ հայերը կապիկներ են»: Այսինքն` պետական քարոզչությունն այնպիսի բաներ են խոսում հայերի մասին, որ իրենք վախենում են: Երբ շփվում են հայերի հետ, միանգամից փոխում են կարծիքը, որ նույնպիսի մարդիկ են ապրում, իրենց ցանկություններով, նույն մարդու իրավունքների շեշտադրումներով: Նույն կերպ մտածողները պետք է իրար հետ հանդիպեն, որ հասկանան եւ կարողանան փոխել»:

Ի դեպ` Անահիտ Բայանդուրը իրավապաշտպան եւ խաղաղարար գործունեությամբ այնքան գնահատված է ողջ աշխարհում, որ բացի Ուլոֆ Պալմայի անվան խաղաղության միջազգային մրցանակակիր լինելուց նաեւ ոգեւշնչման աղբյուր է հանդիսացել «Հարավային Կովկասի կանայք` հանուն խաղաղության եւ անվտանգության» պարգեւի հիմնադրման համար, որ շնորհվում է 2011 թվականից:

Այդ պարգեւին արժանացած կանանցից երկուսը` ՍտավրոպոլիցՍոֆիա Շակիրովան  եւ Չեչնիայի Գրոզնի քաղաքաից Իննա Հայրապետյանն  այսօր Հայաստանում են: Իննայի գործունեության դրդապատճառը, հիմնականում, հենց Չեչնիայի պատերազմն էր, երբ նա տեսել է տարբեր կանանց` ովքեր դրդում են պատերազմի եւ ովքեր փորձում են պահպանել խաղաղությունը: «Խաղաղությունը սկսվում է քո տնից նախաձեռնության անվանումը Իննա Հայրապետյանը շատ դիպուկ է համարում:

Կովկասի կանայք ապրիլին հավաքվելու են Հայաստանում կոնֆերանսի` հիմնականում քննարկելու երեք կարեւորագույն թեմա: ՄԱԿ-ի բանաձեւերի նշանակունը, ժամանակակից Կովկասում կականց դերը խաղաղության մեջ եւ կրոնական արմատականությունը` լինի դա քրիստոնեական, թե մահմեդական։ Ի դեպ` կանայք համոզված են, որ Մաքսային միությունը դժվարացնելու է իրենց աշխատանքը: «Հայաստանն իր անկախությունը զիջում է: Հիմա բռնակցվել են մեկ այլ կառույցի, որը մեր ընտրությունը չէ»,- ասում է Գյուլնարա Շահինյանը, իսկ Զարուհի Հովհաննիսյանն էլ հավելում՝ «Մենք կորցնելու ենք մեր այն անկախությունը, որը մենք ստացել ենք: Մենք պետք է շատ զգոն լինենք, չդառնանք նորից սովետական գաղութ»։

Իսկ այդ դեպքում, ասում են կանայք, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը կրկին չեն հարգվի, ինչպես դա եղել է 70 տարի շարունակ։

Ցուցադրել ավելի
Back to top button