ԿարևորՀասարակություն

Թուրքիայում բավականին բարդ տարի է սպասվում վարչապետ Էրդողանի համար. թուրքագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայում բավականին բարդ տարի է սպասվում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ նրա ղեկավար, ներկայիս վարչապետ Էրդողանի համար: Այս կարծիքն է այսօր հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը` նկատի ունենալով Թուրքիայում մարտին սպասվող ՏԻՄ, օգոստոսին սպասվող նախագահական եւ դրան հաջորդող խորհրդարանական ընտրությունները:
Թուրքագետի գնահատմամբ` հայ համայնքի համար դեռեւս միակ այլընտրանք է մնում Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ն, քանի որ վերջին տարիները ցույց տվեցին, որ այն ավելի հանդուրժող է: Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը` թուրքագետը կարծում է, որ մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք այն Թուրքիայի կողմից ճանաչելու խնդրի վրա` առանձնապես չոգեւորվելով, թե երբ ԱՄՆ նախագահը կարտասանի «Ցեղասպանություն» տերմինը:

Թուրքագետը նկատում է, որ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում միշտ որոշիչ են եղել հետագա ընտրությունների համար: Այս առումով, ըստ նրա, կարեւոր են ստամբուլի ընտրությունները: Որ ուժը հաղթեց Ստամբուլում` նա էլ ամենամեծ հավանականությունը կունենա թե նախագահական ընտրություններում, թե խորհրդարանական: Առաջիկա օգոստոսին Թուրքիայում առաջին անգամ նախագահ կընտրի ժողովուրդը:

Ըստ թուրքագետի` 2014-ի զարգացումների հիմքը դրվել է դեռ նախորդ տարի` նախ տեղի ունեցան ցույցեր, որոնք հարվածեցին Էրդողանի դիրքերին, ապա` լարվեցին Էրդողան-Գյուլ հարաբերությունները, իսկ տարեվերջին կատարվեցին նախարարների որդիների սկանդալային ձերբակալություններ, ապա` շուրջ 300 ոստիկանների, ոստիկանապետերի աշխատանքից ազատում, որոնք մեղադրվեցին գյուլենականության մեջ:

«Այս ամենը խոսում է նաեւ Թուրքիայի ներքին` իշխանական երկպառակտության մասին»:
Ամեն դեպքում, ըստ վերլուծաբանի, թե Էրդողանը, թե Ֆեթուլահ Գյուլենը մեծ խնդիր ունեն, քանի որ սպասվող ընտրությունների համար չկա այլընտրանք: Գյուլենը չի կարող այլ ուժերի վրա հենվել եւ կփորձի խաղից դուրս հանել Էրդողանին: Թուրքագետի կարծիքով` դա ինչ որ տեղ ձեռնտու կարող է լինել նաեւ Էրդողանին, քանի որ այդ երկրի սահմանադրության համաձայն` ընտրված նախագահը հրաժարվում է կուսակցական պատկանելությունից: Վերլուծաբանը, Թուրքիայում սպասվող ընտրությունների մասին խոսելով մեր հետաքրքրությունների տեսանկյունից, ասաց հետեւյալը.«Ցավոք սրտի, էրդողանին մենք այլընտրանք չունենք: ԱԶԿ-ն այսօրվա Թուրքիայում այն ուժն է, որը, նույնիսկ անտեսելով այսօրվա վատ հարաբերությունները Հայաստանի հետ, չարյաց փոքրագույնն է: Մյուսները շատ ավելի ծայրահեղ են, ադրբեջանամետ ու վտանգավոր ՀՀ-ի եւ հայության համար»:

Միաժամանակ` Թուրքագետը նկատեց, որ Գյուլի ղեկավարությամբ Թուրքիան կարող է լինել փոքր-ինչ ավելի մեղմ ու հանդուրժող Հայաստանի ու հայության հանդեպ: Սա թուրքագետը հնարավոր է համարում, սակայն, կարծում է, որ ամեն ինչը հստակ կլինի մարտին Ստամբուլի քաղաքապետի սպասվող ընտրություններում:

Արտակ Շաքարյանը նկատեց, որ Թուրքիայում վերջին երեք համապետական ընտրությունների ժամանակ հայկական համայնքն իր ձայնը տվել է Էրդողանի ղեկավարած Արդարություն եւ զարգացում կուսակցությանը: Առաջին անգամ` հայկական համայնքի համար դա հույս էր, երկրորդ եւ երրորդ անգամ` տեսան, որ ԱԶԿ-ն, մնացած կուսակցությունների համեմատ, շատ ավելի բաց է, հանդուրժող եւ նույն այս կուսակցության օրոք Թուրքիայում սկսեցին բացահայտ խոսել «ցեղասպանության» մասին ու քննարկվեց իսլամացած հայերի խնդիրը: Հետեւաբար, վերլուծաբանի գնահատմամբ` ԱԶԿ-ն Թուրքիայի հայ համայնքի համար դեռեւս մնում է միակ այլընտրանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button