ԿարևորՀասարակություն

Դունյա Միյատովիչ.«Դինքի սպանության կազմակերպիչները պետք է կանգնեն դատարանի առաջ»

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Դինքի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ նրա սպանության կազմակերպիչները պետք է կանգնեն դատարանի առջև: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: «Սպանությունից յոթ տարի անց այդ սարսափելի սպանության կազմակերպիչները դեռ պատասխան չեն տվել կատարվածի համար: Թուրքական իշխանությունները պետք է կրկնապատկեն ջանքերը և Հրանտ Դինքի ընտանիքի նկատմամբ հասնեն արդարության»,- նշել է Միյատովիչը:
«Բավարար չէ ազատազրկել ձգանը քաշողին: Այդ հանցագործությունների կազմակերպիչները ոչ պակաս վտանգավոր են: Թուրքիայի արդարադատության համակարգը պետք է քաղաքացիներին ցույց տա, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնում»,- ասել է Միյատովիչը:

«Հրանտ Դինքը խիզախ լրագրող է, ով իր հոդվածներում պաշտպանում էր խաղաղությունը և փոքրամասնությունների իրավունքները: Ամեն հասարակություն պետք է հպարտանա այսպիսի նշանավոր անհատներով և ամեն ինչ անի, որպեսզի պաշտպանի նրանց և նրանց ազատ արտահայտվելու իրավունքը»,- նշել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

Ցուցադրել ավելի
Back to top button