Հասարակություն

Դատավորներն ու փաստաբանները փորձում են ընդհանուր հայտարարի գալ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 Փաստաբանների պալատի ու Վճռաբեկ դատարանի հակամարտությունը եթե ոչ հանգուցալուծվելու, ապա մեղմվելու  նշաններ է դրսևորում: Կողմերը քննարկումներ են սկսել վիճահարույց հարցերի շուրջ ու փորձում են ընդհանուր հայտարարներ գտնել: Տարեվերջին երկու կառույցների ղեկավարները համատեղ քննարկման արդյուքնում որոշեցին աշխատանքային խումբ ստեղծել, որը կփոձի օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկներ ներկայացնել: Խմբի առջև դրված հիմնական հարցը հետևյալն է.  ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը վերացնելու համար:

Եթե հիշենք նախապատմությունը, ապա ՎՃռաբեկ դատարան – փաստաբաններ հակամարտությունն առնվազն երկու ծայրահեղ դրսևորում ունեցել է. փաստաբանները  երկու անգամ դատադուլ են հայտարարել՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Վճռաբեկ դատարանի է  գործելակերպի դեմ:

Նրանց  դժգոհության պատճառը Վճռաբեկի  գործունեության անկանխատեսելիությունն էր, հայեցողական  մոտեցումը բողոքները վարույթ ընդունելու կամ մերժելու հարցում: Փաստաբանները պնդում էին , որ բարձրագույն  դատական ատյանի գործելակերպն իրավական որոշակիության կարիք ունի:

Հենց այդ իրավական որոշակիությունն էլ այսօր փորձում է գտնել վերջերս ձևավորված աշխատանքային խումբը, որն այսօր առաջին նիստն է հրավիրել:  Խմբում ներգրավված են 4-ական  ներկայացուցիչներ Վճռաբեկ դատարանից ու  Փաստաբանների պալատից:

Ըստ դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այսօր՝ առաջին նիստի մեկնարկին, հույս է հայտնել, որ աշխատանքային խումբը  կաշխատի նպատակային և կկարողանա վիճահարույց հարցերը լուծել ի շահ հանրության: Մկրտումյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի համար առաջնային պետք է լինի Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու` օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը  փոփոխելու օրենսդրական առաջարկը:

Ըստ նիստում ներկայացված տվյալների՝  Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ` 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավորի ամեն տարի բաժին է ընկնում  շուրջ 500 գործ, իսկ քրեական գործեր քննողներին  շուրջ 100:

Սա, ըստ դատական համակարգի ներկայացուցիչների, խոսում է դատավորների գերծանրաբեռնվածության մասին:  Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է մեկ այլ ցուցանիշ էլ. եվրոպական երկներում, օրինակ,  յուրաքանչյուր  100 հազար բնակչի բաժին է ընկնում  մոտ  21, իսկ Հայաստանում ընդամենրը 7 դատավոր:

Ըստ վիճակագրության  մյուս կողմի՝  Վճռաբեկ դատարանը վերջին տարիներին միջինացված տվյալով  հետ է վերադարձրել ստացված բողոքաների  95 տոկոսը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանն արդարադատության ոլորտին առնչվող իր վերջին զեկույցում ավելի կոնկրետ տվյալներ էր ներկայացրել. 2012-ին, օրինակ, դատարանը ստացել է 2928 վճռաբեկ բողոք, դրանց 90 տոկոսը հետ է վերադարձրել, 5 տոկոսը թողել է առանց քննության, իսկ վարույթ ընդունել է 6.6 տոկոսը:

Անդրադառնալով այս հարցին` Վճռաբեկ դատարանի նախագահը համաձայնել է, որ վարույթ ընդունված գործերի թիվն իսկապես փոքր է, բայց նաև հորդորել է հիշել, որ այդ քանակը քննվում է  Վճռաբեկ դատարանի ընդամենը 17 հոգանոց կազմով:

Այսպիսով` նա աշխատանքային խմբին հորդորել է օրենսդրական բարեփոխումների փաթեթը կազմելիս ուշադրության արժանացնել դատավորների ծանրաբեռնվածության հանգամանքը և կոչ է  արել օրենսդրական բարեփոխումներ առաջարկելիս գտնել այնպիսի միջոցներ, որոնք կթեթևացնեն  այդ ծանրաբեռնվածությունը:

Ինչևէ՝ աշխատանքային խումբն առաջին նիստում որոշել է սկսել բարեփոխումների հայեցակարգի մշակումից: Տեղեկացնեմ, որ խմբում փաստաբանների պալատից Արթուր Հովհաննիսյանը, Սամվել Սիմոնյաը, Արմինե Ֆանյանը և  Դավիթ Հունանյանն են: ՀՀ վճռաբեկ դատարանը խմբում ներկայացնում են դատավորներ Մամիկոն Դրմեյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Մկրտչյանը  և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Փոլադյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button