ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ գոտու հողերի 80 տոկոսը հնարավոր չէ մշակել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ է կառավարությունը նախագիծ է մշակում, որով նախատեսվում է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին, օրերս լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  հայտարարել էր տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Հիշեցնենք, որ  2013թ մարտին ընդունած  որոշմամբ՝ սահմանամերձ համայնքների բնակիչների փոխարեն հողի հարկն ամբողջությամբ ու ոռոգման ջրի վարձի 50 տոկոսը փոխահոտւցեց կառավարությունը: Սահմանամերձ համայնքներում, սակայն, բնակիչները «Ռադիոլուրի» թղթակցին վստահեցրել են, որ  ավելի շատ ուշադրության ու աշխատատեղերի ստեղծման կարիք ունեն:

Թշնամու կրակի տակ՝ վախով ու առանց վախի. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բնակիչների առօրյան սկսվում և ավարտվում է   արդեն սովորական դարձած թշնամու կողմից սկսվող կրակոցների սպասումներով: Սահմանամերձ այս համայնքները  մի քիչ նման,  միաժամանակ  շատ տարբեր են  Հայաստանի մյուս համայնքներից: Երեխաներն անգամ այս բնակավայրերում  գիտեն, թե հատկապես գյուղերի որ հատվածով պետք է  քայլել, որպեսզի  ընդամենը 500 մերտր հեռավորության վրա գտնվող ադբրեջանական պահակակետերից սկսվող կրակահերթերն իրենց չվնասեն:

Հերոսական համառությամբ տեղացիների մի մասը  շարունակում է ապրել  հույսով, որ մի օր ամեն ինչ կվերջանա, որ վաղ առավոտյան իրենք էլ մյուս գյուղերի բնակիչների նման կկարողանան արտ գնալ, հող մշակել ու ապրել: Եվ քանի դեռ խաղաղ  կյանքը, երեկոյան գլուխը սեփական բարձին  հանգիստ դնելը նրանց համար երազանք է, շարունակում են հարմարվելով ապրել ու մեծ սիրով ընդունել իրենց համայնքներում հյուրընկալած  ցանկացած այցալուի, իսկ ամենաշատը նրանք ցանկանում են, որ իրենց այցելեն  բարձրաստիճան պաշտոնյաները,  հետաքրքվեն  հոգսերով ու ցավերով: Գյուղացիները ուշադրության պակաս ունեն։

Պաշտոնյաներից քչերն են հանդիպում  սահմանամերձ համայնքների շարքային բնակիչների հետ:  Կառավարությունը, սակայն, միջոցներ է ձեռնարկում՝  սահմանամերձ գյուղերի բնակիչներին աջակցելու համար:  Անցյալ տարի ՀՀ նախագահի  հանձնարարականով  կառավարությունը նախագիծ հաստատեց ու որոշեց պետական աջակցություն ցուցաբերել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին։ Նրանց փոխարեն հողի վարձն ամբողջությամբ, իսկ  ոռոգման ջրի  վարձի 50 տոկոսը  կառավարությունը վճարեց: Սա անցյալ տարի էր։

Այս տարի էլ նմանատիպ մի նախագիծ է նախապատրաստվում, օրերս հայտարարեց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

Ինչպե՞ ս են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները վերաբերում կառավարության տրամադրած ու նախատեսվող աջակցություններին: Զրուցում եմ  Տավուշի սահմանամերձ գյուղերի  բնակիչների հետ, նրանց ավելի շատ մտահոգում է այն, որ  սահմանամերձ գյուղերն են  դատարկվում են:  «Մեր գյուղը ծերանում է, երիտասարդները գնում են, չեն վերադառնում»,- մտահոգված ասում է ոսկեպարցի Մեխակ Ստեփանյանը։

Քնարիկ Ներսիսյանը Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է։ Նա մի ցանկություն ունի, կառավարությունը շուտ հասկանա, որ սահմանամերձ գյուղերի ժողովրդին օգնություն է անհրաժեշտ: Տիկին Քնարիկին հիշեցրեցինք կառավարության որոշման մասին։ «էդ ո՞վ ա հող մշակում, ցավդ տանեմ, ով ա մշակում: Վախենում ենք, մենք լավ այգի ենք ունեցել, հիմա բրախալ ենք, ով ա՞ գնում»,- ասում է։

Ուղիղ գծով ադրբեջանական դիտակետերից 6- 8 հարյուր մետր հեռավորության վրա գտնվող սահմանամերձ այս համայնքներում չմշակվող են այգիների մեծ մասը: Առավել խիզախներ, իհարկե, երբեմն փորձում են այգիները  մշակել, բայց դա նրանց հազվադեպ է հաջողվում:

Ադրբեջանցիները խաղաղ բնակչության վրա կրակելով՝   ինքնհաստատվում են հատկապես գարնանը: Վաչիկ Մելքումյանը մեկն էր այդ խիզախներից, սակայն ադրբեջանցիների կրակած փամփուշտն իրեն  հասնելուց հետո էլ այգի չի գնում, զրուցակիցս  սեփական այգում  աշխատելիս է վիրավորվել  2012-ի հունիսի 1- ին։

Այն, որ Տավուշի մարզի  սահմանամերձ գյուղերի այգիների մեծ մասը չի մշակվում, փաստում է նաև Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, ով ևս նկատում է, որ այգիներում աշխատելը վտանգավոր է։  Նախկինում բանվորական ավան համարվող այս համայնքը  գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ չունի: Այգեպարցիները հիմնականում մշակում են սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի կամ Մովսեսի վարչատարածքներում  գտնվող հողերը: Ընդհանուր առմամբ՝ մոտ 35 հա է կազմում, նախկինում վերը նշված գյուղերի բնակիչները չկարողանալով դրանք  մշակել, վաճառել էին իրենց հողերը, այժմ, սակայն, հողերի ոչ նախկին, ոչ էլ ներկա  տերերը  չեն կարողանում մշակել։ 

Ներքին Կարմիրաղբյուրի ղեկավար Մանվել Կամենդատյանը հիշում է՝  պատերազմի տարիներին  գյուղացիները և կռվում էին, և  հող մշակում։ Վերջին մի քանի տարիներին, ցավոք, այգի մտնելը գրեթե անհնար է դարձել։ Արտոնությունների կամ զիջումների փոխարեն նա հողը մշակելու հնարավորություն է խնդրում։ «Ավելի լավ է հնարավորություն տրվի, մենք հողը մշակենք, հողի հարկն էլ վճարենք: Սահմանամերձ գոտու հողերի 80 տոկոսն այսօր հնարավոր չէ մշակել»։

Ցուցադրել ավելի
Back to top button