Հասարակություն

Հայաստանում մոտ 1 տոննա հերոին են հայտնաբերել

Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության  վարչությունը  ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների ընթացքում, հայտնում են ՊԵԿ- ից։

Հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ` Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման  միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի  հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար  մարմին», ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար:

Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով, զննության է ենթարկվել: Արդյունքում ՝բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել։

Ցուցադրել ավելի
Back to top button