ԿարևորՏնտեսական

«Գազպրոմ- Արմենիա». Գազի կալորիականությունը համապատասխանում է միջազգային չափանիշին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

2012 թվականի դեկտեմբերին Հայաստանի բնակչության կողմից սպառվել է 84,3 մլն խմ գազ, իսկ 2013 թվականի նույն ժամանակահատվածում, եղանակային ցուրտ պայմանների հետևանքով, գազի սպառման ծավալները անհամեմատ մեծացել են՝ կազմելով 120 մլն խմ գազ: Այս օրերին հայաստանցիների հիմնական խոսակցության թեման մատակարավող գազի որակն է։ Հակառակ բնակիչների  բողոքներին՝ «ՀայՌուսգազարդ» (այժմ «Գազպրոմ-Արմենիա») ընկերությունը հավաստիացնում է, որ Հայաստան ներկրված գազի որակական հատկանիշները համապատասխանում են միջազգային ստանդարտներին` մեկ խմ գազի ջերմային արժեքը ցածր չէ 7600 կիլոկալորիայից: Իսկ վերջին 10 տարիների կտրվածքով` Հայաստան է ներկրվել 8000 կիլոկալորիայից բարձր ջերմատվությամբ բնական գազ:

Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումները ու ցուրտ ձմեռն այս տարի բազմաթիվ քաղաքացիների համար լուրջ դժվարություններ են ստեղծել։ Բնակիչները ոչ այնքան զայրանում են սպառած գազի համար կատարված վճարումներից, որքան գազի որակից։

«Հայռուսգազարդ» ընկերություն մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ չի կիսում բնակիչների մտահոգություները`գազի որակի հետ կապված։ «Սա առաջին անգամ չէ, որ նման խոսակցություններ են հնչում` հատկապես ձմռան ամիսներին: Բոլոր սպառողական կազմակերպություններին մեր պատրաստակամությունն ենք հայտնել գազի որակի հետ կապված ստուգաչափումներ անցկացնելու համար»,- նշեց նա։

Շուշան Սարդարյանը հավաստիացրեց, որ Հայաստան ներկրված գազի որակական հատկանիշները համապատասխանում են միջազգային ստանդարտներին` մեկ խմ գազի ջերմային արժեքը ցածր չէ 7600 կիլոկալորիայից:

Մեր դիտարկմանը, թե  բնակիչներն այս տարվա սպառած գազի որակը համեմատում են նախորդ տարիների հետ` ասելով, որ եթե նախկինում մեկ գավաթ սուրճը եփվում էր մի քանի րոպեում, այսօր այն տևում է տասը րոպեից ավելի՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ բնակիչներն ինչը ինչի հետ են համեմատում, բայց նման համեմատականներ անցկացնելը սխալ է: Երեւի համեատում են այլ երկրների հետ` ասելով, որ Մոսկվայում ավելի լավն է որակը։ Բայց գիտենք, որ գազը տարբեր հանքահորերից ստացվող բնական ռեսուրս է ու չի կարող, ասենք, արևմտյան երկրներում կամ Սիբիրում գազը ունենա նույն կալորիականությունը»։

Նկատենք՝ որ բնակիչներից մեկը «Ռադիոլուրի» հետ զրույցում առաջարկեց, որ դեկտեմբեր ամսվա սպառած գազի դիմաց վճարումները կատարվեն մաս մասն կամ  մայիս- հունիս ամիսներին։ Շուշան Սարդարյանը բացառում է վճարման նման մեխանիզմի կիրառումը։ «Գազը ապրանք է, ծառայություն, որի համար պետք է վճարենք»,- ասաց։

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել, և օգտատերեը  կոչ են անում հրաժարվել «ՀայՌւսգազարդի» ծառայությունից՝ բոլորի կոչ են անելով չվճարել սպառած գազի դիմաց կամ չդառնալ նոր բաժանորդ։ Շուշան Սարադայնաը նշում է, որ խումբը բավականին ժամանկ ստեղծվել է, բայց ոչ մի բաժանորդ պաշտոնապես դիմում չի ներկայացրել ծառայությունից հրաժավելու համար,այլ ընդհակառակը՝ հուլիսից  ամսից հետո գազահամակարգին միացել է 7500 նոր բաժանորդ։

Ցուցադրել ավելի
Back to top button