ԿարևորՎերլուծականՔաղաքական

Ազգային ժողովի ամենա… ամենաները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերին խորհրդարանն ավարտեց աշնանային ՝ չորրորդ նստաշրջանի աշխատանքը: Գարնանային նստաշրջանը կմեկնարկի փետրվարի 3-ին: Մինչ այդ parliamentmonitoring.am կայքի վիճակագրակիան ծրագիրը  թույլ է տալիս ամփոփել նախորդ նսատաշրջանի ընթացքում  պատգամավորների ու խմբակցությունների գործունեության արդյունքները:  Եվ այսպես՝ ի՞նչ են արել խորհրդարանական խմբակցությունները, ինչպե՞ս են քվեարկել սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում, ովքե՞ր են խորհրդարանի ամենա-ամենաները՝ ըստ վիճակագրական տվյալների:

131 պատգամավորներից 5-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 282 անգամ, ամենաշատը կողմ քվեարկել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ 289 անգամ , իսկ ահա ամենաշատը դեմ քվեարկողի տիտղոսը  ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանինն է: Նա դեմ է քվեարկել նախորդ նստաշրջաններում քննարկված օրինագծերից 126-ին:

Մյուս երեք տասնյակները, որոնք կազմել է parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագիրը՝ դիտարկելով խորհրդարանի գործունեությունն ու ներկայացնելով դրա թվային պատկերը,  գլխավորում է նույն պատգամավորը: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չորրորդ նստաշրջանի արդյունքներով՝ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորն է։ Այսինքն՝ նստաշրջանի ընթացքում օրենսդրական քննարկումների ժամանակ  հնչեցրել է ամենամեծ թվով ելույթները   ու ամենաշատն է օգտվել  հարց տալու իրավունքից: Նա   նաև խորհրդարանում ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորն է ՝ 138 անգամ: Եվ վերջապես պատգամավորի էջն ամենաայցելվածն է կայքի «Պատգամավորեր» բաժնում:

Նկատենք նաև, որ ամենաակտիվ պատգամավորի տիտղոսը Արծվիկ Միանսյանն ունի արդեն 4 նստաշրջան անընդմեջ: Այս գումարման խորհրդարանում ակտիվությամբ երկրորդը ՀՀԿ- ական Խոսրով Հարությունյանն է, երրորդը՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ակտիվների կողքին խորհրդարանում կան նաև պասիվներ: 131 պատգամավորների գրեթե կեսը` 65 պատգամավոր, 5-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել ու ելույթ չի  ունեցել:  ՀՀԿ-ում  և ԲՀԿ-ում  «լուռ» պատգամավորները խմբակցության կեսից ավելին են. ՀՀԿ-ում  70 պատգամավորից 36-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 23-ը։

Ըստ հարցերի ու ելույթների վիճակագրության՝ դիտարկված ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշն արձանագրել է ՀՀԿ խմբակցությունը (185 հարց ու ելույթ), ամենացածրը ՕԵԿ-ի արդյունքն է  (40 հարց ու ելույթ): Սակայն ակտիվությունը խմբակցությունների պատգամավորների քանակի հետ համադրելիս ստացվում է, որ ԱԺ մեծաթիվ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորներից յուրաքանչյուրը միջին հաշվով հարց տվել  կամ ելույթ ունեցել է 2,5 անգամ, իսկ փոքրաթիվ խմբակցությունների պատգամավորները՝ մոտ 10 անգամ: Այս տեսանկյունից  աշնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանում ամենապասիվը կրկին եղել է ԲՀԿ-ն,  իսկ ամենաակտիվը՝ ՀՅԴ-ն:

Ի դեպ՝ ամենա-ամենաների տասնյակներում որոշ օրինաչափություններ կան:  Ամենաշատը կողմ քվերակածների թոփ-տասնյակն, օրինակ , կազմված է բացառապես հանրապետական պատգամավորներից,  ամենադեմերինը՝ բացառապես ընդդիմադիրներից, իսկ ահա ամենաձեռնպահ խմբակցությունը, պարզվում է, դաշնակցությունն է: Տասնյակի առաջին  4 հորիզնականներում դաշնակացական պատգամավորներն են:

5-րդ գումարման 4-րդ նստաշրջանը աղքատիկ չէր խմբակցություններում կատարված փոփոխություններով. դրանցից չխուսափեցին 6 խմբակցություններից 4-ը:  Պատգամավոր Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո ՀՀԿ խմբակցության կազմը համալրեց Արմեն Կարապետյանը: ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից`ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու համար: Նրան փոխարինեց Լևոն Դոխոլյանը: ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննեսյանը նշանակվեց ՀՀ դեսպան Գերմանիայում: ՀՅԴ-ն որոշել է, որ թափուր մանդատը կստանա  նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը:

Դե իսկ խորհրդարանի ամենափոքր՝ «Ժառանգություն» խմբակցությունը գրանցեց ամենաշատ փոփոխությունները: Նախ՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում Ռուբեն Հակոբյանին փոխարինեց Զարուհի Փոստանջյանը, իսկ տարեվերջին Թևան Պողոսյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մտադրության մասին: Թևան Պողոսյանի հրաժարականի և նրան փոխարինողի հարցը կհանգուցալուծվի ԱԺ գարնանային նստաշրջանում:

Back to top button