ԿարևորՀասարակություն

Ֆիննախը հայտնաբերել է միլիոնավոր դրամների խախտումներ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2013-ի ընթացքում ֆինանսների նախարարությունը 6 գործ է ուղարկել գլխավոր դատախազություն, դրանցից 5-ով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց  առաջադրվել են մեղադրանքներ: Քրեական գործերը հարուցվել են այն ստուգումների արդյունքում, որոնք 2013-ին իրականացրել է նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը:  Տարվա ընթացքում իրականացված 85 ստուգումների արդյունքներն այսօր ներկայացերլ է տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում եղել են ոչ այնքան ծրագրային, որքան ռիսկային ոլորտները: Այդպիսին, օրինակ, նախարարությունը համարել է Ժամանակավոր անաշխատունակության և Հղիության նպաստների ծրագրերով կատարված ծախսերը, նաև շինարարության ոլորտը:

Նախարարություններում և ենթակա կառույցներում իրականացված ստուգումների արդյունքում` 444 մլն դրամի խախտում, հարկային տեսչություններում կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 600 մլն դրամից ավելի հարկային պարտավորությունների լրացուցիչ գանձման խնդիր, մոտ 100 մլն դրամի խախտումներ՝ մարզպետարաններում իրականացված ստուգումների արդյուքնում:  Թվերը ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2013-ին իրականացված ստուգումների ամփոփաթերթից են:

Պետական բյուջեի կատարաման նկատմամբ հսկողությունն ու ստուգումները տեսչությունն իրականացնում է 3 հիմքով՝ հաստատված տարեկան ծրագրով, վարչապետի հանձնարարականով և իրավապահ մարմինների պահանջով: 2013-ի ընթացքում իրականացրել է 65 ստուգում և 20 ուսումնասիրություն: Ստուգումներից 29-ն է եղել ծրագրային, 27-ն իրականացվել է իևավապահների պահանջով , իսկ  9-ը ՝ վարչապետի հանձնարարականով: Տեսչության ուշադրության կենտրոնում 2013-ին եղել են ռիսկային ոլորտները: Այդպիսին , օրինակ , համարվել է ժամանակավոր անաշխատությանկության և հղիության նպաստների ծրագիրը: Թե ինչու , վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանն  այսպես է բացատրում:

«Մենք այս երկու ծրագրի համար բյուջեում նախատեսել էինք մոտ 6 մլդ դրամ: Բայց տարվա երկրորդ կեսին աննախադեպ զարգացում տեղի ունեցավ ու գումարների կտրուկ պահանջարկ առաջացավ: Պարզվեց, որ մեր նախատեսած գումարը չի բավարարելու բյուլետենների գումարը փոխհատուցելու համար: Մենք ստիպված էին խորանալ այս հարցերի մեջ, որ հասկանանք, թե ինչու է նման վիճակ առաջացել»:

Խորանալով պարզվել է հետևյալը: Սոցիալական ապահովության պետական ծառայությունում և Պետական եկամուտների կոմիտեում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խախտվել են  նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգի պահանջները, ինչի արդյունքնում  փոխհատուցման ենթակա գումարները  ավելի են ներկայացվել 584.7 մլն դրամով:

Ընտրանքային կարգով 19 հարկային տեսչություններում կատարված ստուգումների արդյունքում բացահայտվել են  տարբեր դեպքեր: Դրանցից տիպականները վերահսկողությունն իրականացրած կառույցի ղեկավարը թվարկեց:

«Գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսին, ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո աշխատողը նեկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ` բյուլետեն և այլևս չի գնացել աշխատանքի` արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավել նպաստի գումար»:

Մեկ այլ օրինակ, անձը աշխատանքի ընդունվելուց հետո 1-ին տարվա ընթացքում 65 հազ. դրամից ավելի ամսական եկամուտ չի ունեցել, հաջորդ տարվա մեջ նրա ամսական աշխատավարձը լրավճարների հետ չի գերազանցել 174  հազ. դրամը, սակայն նա այդ տարի ստացել է 2 մլն 835 հազար դրամ պարգևատրում և արդյունքում նրա հղիության նպաստի գումարը կազմել է կլորիկ թիվ` 2 մլն 32 հազար դրամ: Ավելին՝ այս նույն անձը համատեղության կարգով աշխատել է այլ կազմակերպությունում, ստացել է 303.5 հազար դրամ: Այս կազմակերպությունից պետության հաշվին նրան վճարվել է 1 մլն 237 հազար դրամ հղիության նպաստ:

Ի դեպ,  այս դեպքերը օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջների  խախտում չեն  բայց  տեսչությունը դրանք  գնահատել է ռիսկային և ուսումնասիրությունների նյութերը` բաղկացած 338 էջից, ուղարկել գլխավոր դատախազություն լրացուցիչ քննության համար:

Հանձնարարականներից մյուսով էլ ուսումնասիրություններ են կատարվել շինարարության ոլորտում: Կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգումներ, մասնավորապես եղել են Արարատի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Խախտումներ հայտնաբերվել են  4 մարզերում էլ: Ըստ Սոնա Ղարիբյանի՝ արձանագրված փաստերի հիմքով այս պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 200 մլն դրամ, դրա ուղիղ կեսը՝ Արարատի մարզում: Ի դեպ, Արարատի մարզպետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են  ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ընդհանուր առմամբ, 2013-ին իրականացված բոլոր ուսումնասիրությունների արդյունքում ֆինանսների նախարարությունը 6 գործ է ուղարկել դատախազություն, դրանցից 5-ով հարուցվել է քրեական գործ:

Ցուցադրել ավելի
Back to top button