Հասարակություն

Վարդանիձորում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթածները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում գտնվող Վարդանիձոր համայնքը 2010 թվականից միավորում է Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր գյուղերը։ Մինչև 1988 թվականը  Վարդանիձորը և Թխկուտը բնակեցված էին ադրբեջանցիներով։ Նրանց արտագաղթից հետո այստեղ վերաբնակվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերը։, այդ թվում Վարդանիձոր համայնքի ներկայիս ղեկավար Ալբերտ Բեգլարյանը, ով մինչ Հայաստան գալը չէր տիրապետում մայրենի լեզվին:

Ըստ գյուղապետի՝ նախկինում քաղաքաբնակ փախստականներից ոչ բոլորը կարողացան մերվել նոր պայմաններին: Ինչպես շատ գյուղերում, այստեղ ևս սռկա է արտագնա աշխատանքի երևույթը: Այն պայմանավորված է աշխատատեղերի պակասով: Համայնքում այսօր բնակվում է 346 մարդ։ Համայնքի  բնակիչների մի մասը դեռևս լիարժեք չի տիրապետում գյուղական կենցաղի հմտություններին, մասնավորապես հողի մշակմանը:

Համայնքի տարածքում լավ է աճում ընկույզը և մոշը: Բերքը հավաքվում է և հանձնվում վերամշակման Մեղրիի պահածոների գործանարան: Համայնքում աստիճանաբար լուծվում են ջրամատակարարման, փողոցների լուսավորման և ասֆալտապատման խնդիրները: Դպրոցում թափուր տեղեր չկան, ուսումնական գործընթացը ընթանում է նորմալ հունով: Սակայն այստեղ էլ մանկապարտեզն է փակվել։

Օրը երկու անգամ գործում է Վարդանիձոր-Մեղրի ավտոբուսային երթուղին, որից օգտվում են նաև գյուղի դպրոցի ուսուցիչները, որոնք բնակվում են նախկին շրջկենտրոնում: Համայնքի գյուղերին հարող տարածքով անցնում է միջպետական նշանակության ավտոմայրուղին, որը միշտ բաց է և անցանելի, հավելեց գյուղապետը: 

Ցուցադրել ավելի
Back to top button