ԿարևորՀասարակություն

Մատաղ սերդնի ռազմահայրենասիրական դաստիարակությունը յուրաքանչյուրիս խնդիրն է. քննարկում ՊՆ-ում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրապետության ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2013թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ համաժողովը: 

«Վերջին տարիներին եւ մասնավորապես 2014-ին ռազմահայրենասիրական դաստիրակության հետ կապված խնդիրները պաշտպանական գերատեսչության համար առաջնային են»,- իր խոսքում նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նկատելով, որ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարեւոր է` հաշվի առնելով մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները:

Ինչպես դաստիարակել այնպիսի սերունդ, որի համար հայրենիքի զինվոր լինելը մեծագույն պատիվ է եւ ոչ թե պարտականություն` այս խնդրին անդրադարձավ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Վարդան Ավետիսյանը: Քանի որ դաստիարակությունը սկսվում է ընտանիքից, հետո շարունակվում հասարակությունում, ապա հարցը  ամբողջ հասարակությունը պիտի համարի իր գերխնդիրը` եզրակացրեց բանախոսը: Նա փոխանցեց, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայ հասարակության մեջ երիտասարդների գերակշիռ մասը չի ճանաչում ազգի հերոսներին, չունի իր իդեալը, իսկ 70 տոկոսը պատրաստ է լքել հայրենիքը: Սեյրան Օհանյանի խոսքով` այս տվյալները պետք է մտահոգեն յուրաքանչյուրին: Քննարկումներում խոսվեց նաեւ բանակում արատավոր երեւույթների դեմ պայքարի մասին: Ոմանց գնահատմամբ այդ աշխատանքը առավել լրջորեն պետք է տանել դպրոցներից սկսած:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ կարծում է, որ նման աշխատանքը տեղին է անգամ մանկապարտեզներից սկսելը, քանի որ մանուկներին հանդիպող եւ պետություն ներկայացնող առաջին պաշտոնական անձը հենց դաստիարակն է եւ հենց նա նախեւառաջ պիտի լինի իդեալը: 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button