Հասարակություն

Հուղարկավորու՞մ, թե՞ դիակիզում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Աշխարհի շատ երկրներում դիակիզման խնդիրն այլևս քննարկման հարց չէ, և մարդիկ համակերպվել են այդ իրողությանը: Հայաստանում 2006  թվականին ԱԺ-ն ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատնրեի ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք, որով թույլատրվում է կամավոր դիակիզումը: Սակայն ժամանակ առ ժամանակ այդ հարցը քննարկվում է, բայց միայն այդքանը: Այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել` հիմնախնդիրը հօգուտ դիակիզման լուծելու համար: Այս առնչությամբ մեր եկեղեցին ունի իր հստակ դիրքորոշումը: 

Հուղարկավորու՞մ, թե՞ դիակիզում: Որտեղի՞ց է առաջացել մեզանում ընտրության այս հարցը: Ինչու՞ հանկարծ քրիստոնեությունը` որպես պետական կրոն, առաջինն ընդունած երկրում էլ ծագեց հիշյալ հարցը: « Չէ՞ որ Հին Կտակարանում մարմնի այրումը հստակ կապված է եղել նզովքի և անեծքի հետ»,- նշում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Սուրբ գրքում մենք տեսնում ենք, որ հստակ կերպով մարդու մարմնի այրումը կապված է աստվածային նզովքի և անեծքի հետ: Եթե որևէ մեկին ուզում էին անպատվել, անարգել ոչ թե թաղում էին, այլ այրում էին: Այրումը ըստ էության կապված էր անեծքի հետ»:

Դիակիզման կողմնակիցների հիմնական փաստարկը Հայաստանում գերեզմանոցներին տրամադրվող հողերի սակավությունն է, սակայն հոգևորականը այդպես չի կարծում` նշելով, որ մենք ունենք գերեզմանների համար հատկացվող անծայրածիր տարածքներ, ուղղակի պետք է դրանք ճիշտ կարգավորել:  Սակայն, եթե հաշվի առնենք, որ այսօր հուղարկավորման համար պետականորեն սահմանված հողակտորի չափաբաժինը մշտապես գերազանցվում է, ապա որոշակի հաշվարկներով պարզ է դառնում, որ, իրոք, կոնկրետ Երևանում շատ շուտով գերեզմանները կհասնեն բնակելի տարածքներին:

Ցուցադրել ավելի
Back to top button