ԿարևորՀասարակությունՏեսանյութ

Ինչպես է 16 տեղանոց ավտոբուսում տեղավորվում 50 հոգի. Արարատ-Երեւան երթուղու ոդիսականը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արձագանք «Ռադիոլուր»-ի ունկնդիրների դժգոհություններին. հերթական դժգոհությունը մարզային, իսկ ավելի կոնկրետ՝ Արարատ-Երևան երթուղին սպասարկող կազմակերպությանն է  վերաբերում: Արարատից մայրաքաղաքի հետ կապն ապահովում են մեկ ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային ընկերություններ: Ուղևորները դժգոհ են  միջին տարողության ավտոբուների գերբեռնվածությունից, կազմված ու տարիներ շարունակ  փոփոխության չենթարկված չվացուցակից:

Եթե  անծանոթ որևէ մեկը փորձի վաղ առավոտյան լինել Արարատ քաղաքի  կանգառում կամ էլ երեկոյան՝   Սևանի փողոցում, առաջին հայացքից կկարծի, թե բողոքի ակցիայի է մասնակցում: Բազմաթիվ մարդիկ նյարդային ապրումներով ձմեռվա հաստ սառույցին ու  ամռան տապին վեր ու վար են անում, իրականում նրանք առայժմ բողոքի ակցիայի մասնակիցներ չեն, այլ մայրաքաղաքից ընդամենը հիսուն կմ հեռավորության վրա գտնվող Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչներ: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ վաղ առավոտյան Երևան աշխատանքի ու բուհ են  շտապում, և երեկոյան՝ հակառակ ուղղությամբ փորձում են տուն վերադառնալ:

Առաջին հայացքից թվում է՝ արտասովոր ոչինչ չկա, իսկ իրականում՝ շատ մեծ ու տասնամյակից ավելի լուծում չունեցող խնդիրների թնջուկ է, որի հետ ամեն օր առնչվում են բազմաթիվ քաղաքացիներ: Արարատից մայրաքաղաքի հետ կապն ապահովում են մեկ ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային ընկերություններ: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկում է  Լիգա ընկերությունը: Ընկերություն, որը տասնամյակներ շարունակ չի կարողանում նորմալ, քաղաքակիրթ ուղևորափոխադրում կազմակերպել:

Մայրաքաղաքից ընդամենը 50 կմ հեռավորության վրա գտնվող Արարատ-Երևան երթուղում աշխատում են միջին տարողությամբ (16 նստատեղով ) միայն 4 ավտոբուս, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինվում են հոգեվարքի մեջ գտնվող Գազելներով: Ինչպես օրինակ վերջին երեք օրերին էր՝ հունվարի 14-ին,  15-ին, 16-ին,  սա ի դեպ, ուղևորափոխադրողի հերթական տհաճ անակնկալն էր, առաջին երկու օրը  առավոտյան  7-ից տրանսպորտի սպասող ուղևորներին, իսկ երեկ արդեն առավոտյան ութին սպասողներին:

Ուղևորափոխադրող ընկերությունում պարզաբանում են՝ միկրոավտոբուսները սարքին չեն,  չինական արտադրության ընդամենը մեկ ու կես տարի շահագործվող մեքենաներից մեկը կամ երկուսը գրեթե ամեն օր սարքին չեն լինում,  իրականում նրանք չեն կարող նորմալ աշխատել, քանի որ  նախատեսված չեն քառասուն, հիսուն,  երբեմն ավելի շատ մարդկանց տեղափոխելու, իսկ Արարատի տրանսպորտը հատկապես օրվա որոշակի, այսպես ասենք, պիկ ժամերի, հենց այդպես էլ երթևեկում է, խնդիր, որի հետ առնչվում ենք մեկ տասնյակից ավելի տարիներ ,  և որոնց քաջատեղյակ ենք գրեթե այնքան, որքան իրենք ՝ շահագործողները:

Բնավ ցանկություն  չունենալով սուբյեկտիվ լինել՝  երեկ փորձեցի հենց ուղևորներից պարզել, կա արդյոք որևէ մեկը, ով գոհ է Լիգայի կազմակերպած ուղևորափոխադրումից.«Իհարկե դժգոհ ենք, ամեն ինչից, կա որոշակի քանակ, որից ավել չպետք է վերցնեն, սակայն, շատ լիքն են լինում: Ժամերը շատ վատ են, լավ կլիներ, եթե ամռանը մինչև տասը, ձմռանը գոնե մինչև ինը աշխատեին»:

Տարիներ շարունակ  արարատցիներն ու նույն  երթուղուց օգտվող  հարակից գյուղերի բնակիչները  ամեն օր երթևեկում են գերծանրաբեռնված փոխադրամիջոցով, ձմռան ցրտին ու ամառվա շոգին ժամերով կանգնած, սիրեցյալին սպասողի տենչով  սպասում «երանելի» փոխադրամիջոցին, սակայն, միշտ չէ, որ վերջապես ժամանած տրանսպորտը հասանելի է դառնում ուղևորներից  շատերին: Մարդիկ ստիպված են երթևեկել  գերծանրաբեռնված, քանի որ հաջորդ մեքենան մոտենալու է լավագույն դեպքում հիսուն  րոպե հետո, բնականաբար, նույն ծանրաբեռնվածությամբ:

Զրւուցակիցներս, ովքեր ամենօրյա ուղևորներ են, խոսում  են նաև չվացուցակի անհարմարության ու  կարճ լինելու մասին: Չնայած  վատ աշխատող տրանսպորտին, IT-ն նաև Արարատի միկրոավտոբուսներ հասավ, մի քանի ամիս առաջ մեքենաներում տեսախցիկներ տեղադրվեցին: Իհարկե, ավելի լավ է տեսախցիկ տեղադրեն, քան ասենք ամեն օր ճանապարհին կենդանիների նման հաշվեն ուղևորներին, ինչն էլ անում էին երկար ժամանակ: Տեսախցիկների տեղադրումից,  սակայն, որևէ բան չփոխվեց, թերեւս դարձավ այն պարզ վկայությունը, որ շահագործող ընկերությունում իրենց երկարամյա ու բարեխիղճ վարորդներին  չեն վստահում, քանի որ , եթե տեսախցիկները տեղադրված էին ուղևորահոսքին հետևելու և որևէ բան փոխելու նպատակով, ապա ամիսների ընթացքում Լիգայի որևէ պատասխանատու դուրս կգար իր տաքուկ աշխատասենյակից ու շարքային ուղևորներից գոնե մեկ անգամ կհարցներ՝ ինչպես եք  երթևեկում:

«Լիգա»-ից երբեմն  վստահեցնում են, որ տրանսպորտի ու կապի նախարարությունն է դեմ, որ ևս մի քանի  ավտոբուս շահագործեն, չվացուցակում փոփոխություններ կատարեն: Փոխարենը, մեր դժգոհություններին ի պատասխան, ընկերությունը երբեմն կուլսիներում հայտարարում է, որ միկրոավտոբուսները կրկին հին ու փոքր գազելներով կփոխարինի:

Տրանսպորտի ու կապի նախարարությունում խնդրից տեղյակ են, բազմիցս զրուցել ենք նախարարության  աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետը տեղակալ, միջմարզային մրցութային հանձնաժողովի նախագահ Դավիթ Մելքոնյանի հետ: Վերջինս համբերատար լսում է մեր բոլոր բողոքներն ու վստահեցնում, որ ուղևորահոսքն են ուսումնասիրում և դրական փոփոխություններ անպայման լինելու են: Լսենք Դավիթ Մելքոնքյանի՝ լրագրողների հետ  ունեցած հանդիպումից հետո արված հարցազրույցից մի հատված.«Դուք եթե սպասենք մեկ ամիս կամ առավելագույնը 45 օր, փոփոխություն կտեսնեք այս երթուղում»:

 Նշեմ, որ խոստումը  2013-ի նոյեմբերի վերջին էր հնչել:

Ճշմարտության դեմ չմեղանչելով ասեմ նաև, որ Երևան-Արարատ երթուղին սպասարկող ընկերությունը  երբեմն մեծահոգաբար խոստանում է, որ համապատասխան հրահանգի դեպքում պատրաստ է մեքենա ավելացնել:  Բայց, միայն երբեմն: Հավելեմ, որ «Լիգա»-ի գործադիր տնօրեն Ռորբետ Հարությունյանը չնայած նախկինում պատասխանում էր մեր հեռախոսազանգերին, երեկ սակայն, մեզ չհաջողվեց զրուցել նրա հետ:

Իսկ ես ցանկանում եմ հիշեցնել, թե ինչ վիճակում է գտնվում Երևան-Արարատ մայրուղու մինչև Արտաշատ ընկած  հատվածը՝  Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմամբ պայմանավորված,  ու միայն Աստծո բարեհաճությամբ ու վարորդների հմտության շնորհիվ է, որ  ցածր տեսանելիության և սառած ճանապարհներով երթևեկող գերծանրաբեռնված միջին տարողության ավտոբուսները վթարի չեն ենթարկվում: Սակայն, ուղևորներն ու վարորդներն  ամեն օր երթևեկում են՝ սեփական մահն աչքի առաջ ունենալով:

Նշեմ  նաև, որ  ընկերության սեփականատերերը շարունակում են նոր ներդրումեր կատարել, ծախսել մեծ գումարներ, սակայն, նրանք գուցե տեղյակ  էլ չեն, որ ներդրումները հիմնական նպատակին  չեն ծառայում՝  ուղևորները ու հատկապես Արարատ-Երևան երթուղուց օգտվողները դժգոհ են իրենցից: Իսկ պտտվող լուրերի համաձայն, ընկերության սեփականատերերը հայտնի մարդիկ են  ոչ միայն մարզում, այլ նաև՝ ողջ հանրապետությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button