ԿարևորՀասարակություն

Զարուհի Պետրոսյան.«Առաջիկա 5 օրերին հանրապետությունում տեղումներ չեն սպասվում»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարվա դեկտեմբերը,  օդերևութաբանական կանխատեսումների համաձայն,  պետք է լիներ  տաք, սակայն տեղումնառատ: Իսկ հունվարին  ու փետրվարին կանխատեսվում էր, որ ջերմաստիճանը կլինի նորմայից 2-ից 3 աստիճան բարձր, իսկ տեղումների քանակը` շատ: Սակայն  նման ցուրտ ձմեռ վերջին տարիներին հանրապետությունում`  հատկապես մայրաքաղաքում չէր գրանցվել: Ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի` դեկտեմբերին բավականին ցուրտ եղանակ հաստատվեց հատկապես Արարատյան դաշտում, Վայոց ձորի հովտային շրջաններում և Մեղրիում: Սակայն սաստիկ ցրտերը կոտրվեցին հունվարի մեկից մինչև 3-ը ընկած ժամանակահատվածում:

Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում գրանցվել է  բարձր ջերմաստիճան, իսկ մյուս շրջաններում ջերմաստիճանը, օդերևութաբանի ձևակերպմամբ,  բարվոք է:  3 օր առաջ Իջևանում  առավելագույն ջերմաստիճանը  հասել է մինչև 16 աստիճան տաքության: 

Առաջիկայում նույնպես կանխատեսվում է տաք օդային հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք և ջերմաստիճանի բարձրացում: Առաջիկա 5 օրերին հանրապետությունում տեղումներ չեն սպասվում, ցածրադիր մասերում  կպահպանվեն սառը գիշերները, իսկ բարձրադիր մասերում ավելի էական կլինի այս փոփոխությունը: Կանխատեսումները խոստանում են արևոտ ցերեկներ:

«Սպասում ենք, որ մինչև շաբաթվա վերջ  մայրաքաղաքում  առավելագույն ջերմաստիճանը կհասնի  մինչև 3-ից 5 աստիճան տաքության»:

Ցիկլոնների մուտքը հանրապետության տարածք  կանխատեսվում է հունվարի 23-ից հետո, կդիտվեն ձյան տեսքով  տեղումներ, գիշերային ջերմաստիճանն էլ կբարձրանա:  Այս տարվա սաստիկ ցրտերը վնաս են պատճառել նաև գյուղատնտեսությանը:  Արարատյան դաշտում գրանցված ցածր ջերմաստիճանը վտանգավոր է չթաղված խաղողի համար: Այժմ էլ գյուղատնտեսության նախարարությունն ու հայհիդրոմետ ծառայությունը փորձանմուշներ են անում պարզելու կրած վնասի չափը:

Ցուցադրել ավելի
Back to top button