Հասարակություն

Բնակարանաշինության ծրագիրը Վարդուտում շարունակվելու է

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Արցախ

Քաշաթաղի շրջանի երիտասարդ բնակավայրերից է Վարդուտը, շրջկենտրոն Բերձորից մոտ 30 կմ հեռավորություն ունի: Հիմնադրվեց 2007-ին: Ծրագրվում էր, որ այն տիպային գյուղպիտի դառնար` ունենալով ժամանակակից բնակավայրին հատուկ մի շարք գծեր: Ծրագիրն այդպես էլ մնաց կիսատ, բնակչության աճն էլ կանխատեսվածից ցածր է: Համայնքի ղեկավար Քաջիկ Պողոսյանի խոսքով Արցախի վարչապետ Արա Հարությունյանը բնակիչներին տեղեկացրել է, որ բնակարնաշինության ծրագիրը գյուղում շարունակվելու է:

Վարդուտում հիմնադրման տարում 6 ընտանիք էր ապրում: Ծրագրով պիտի 40 առանձնատուն կառուցվեր, համապատասխան կոմունիկացիաներով, գյուղը պիտի ունենար կենցաղային տուն, դպրոց, հիվանդանոց, բնակավայրի դիրքը և զարգացման հնարավորությունները նրա համար ենթաշրջանային կենտրոնի կարգավիճակ են ապահովում: Չնայած ծրագիրը կիսատ մնաց Վարդուտն այսօր էլ ենթաշրջանի մյուս բանկավայրերից առանձնանում է:

Համայնքի ղեկավար Քաջիկ Պողոսյանի խոսքով` գյուղում հիմա ընդամենը 16 տնտեսություն կա, աճը դանդաղում է բնակարանների պատճառով: Համայնքի ղեկավարը նշում է, որ ոչ միայն նորեկներին չեն կարողանում ընդունել, այլև հնաբնակները ընդլայնվելու խնդիր են դնում գյուղապետի առջև:

Անցած շաբաթավերջին վարչապետ Արա Հարությունյանի այցը գյուղ ծրագրի իրագործման հույս ներշնչեց:

Դպրոցի տնօրեն Ռաիսա Բաղիկյանը հուսով է, որ բնակչությունը կավելանա և դրա հետ մի շարք խնդիրներ կլուծվեն, իր աշակերտների շրջապատը և հետաքրքրությունը կմեծանա, կկառուցվի նաև վաղուց սպասված մշակույթի տունը, որ նաև ենթաշրջանի գյուղերին կծառայի:

Դպրոցի տնօրենը ցավով է նշում տաղանդավոր երեխաներ կան, որ Վարդուտի անունը մինչև Երևան են տարել, տարբեր մրցույթներում, օլիմպիադաներում հաղթանակներ նվաճել, բայց հիմա փոքրիկ գյուղի առօրյան` հոգսերով, կտրվածությունը ժամանակակից աշխարհից նրանց վանում է այս գողտրիկ անկյունից: Համացանցը աշակերտների համար երազանք է, ուսուցիչների համար գերխնդիր:

Ցուցադրել ավելի
Back to top button