Քաղաքական

Արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱԿ-ն առաջընթաց չի գրանցում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2013-ի արտաքին քաղաքական զարգացումներն է ամփոփել և 2014-ի ակնկալիքներից խոսել Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Նա անդրադարձել է  արտաքին հարաբերությունների ոլորտում 2013-ի հիմնական իրադարաձություններին՝ առավել կարևորելով հարևան երկների հետ Հայաստանի փոխհարաբերությունների թեման, քան Մաքսային միության հետ կապված զարգացումները: Չի շրջանցվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճի թեման: Մենք կարող ենք արձանագրել, որ առկա է բանավեճ և ոչ ավելին՝ ասել է ՀԱԿ ներկայացուիչը և հավելել, որ Կոնգրեսն այդ բանավեճի վրա հանրության ուշադրությունը հրավիրելու, առկա խնդիրներից շեղելու փորձեր է նկատում, բայց չի պատրաստվում շեղվել իր օրակարգից:

Ամփոփելով 2013-ի արտաքին քաղաքական զարգացումները ՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ավելի շատ կանգ առավ Հայաստանի ու հարևան երկրների փոխհարաբերությունների թեմայի, քան տարվա հիմնական արտաքին քաղաքական զարգացման՝ քաղաքականության վեկտորը ԵՄ-ից ՄՄ տեղափոխելու վրա:  Այս թեմային անդրադարձ եղավ, բայց՝ վերջում և արտաքին հարաբերություների ոլորտն այլ տեսանկյուններից քննարկելուց հետո: Ընդհանուր առմամբ, ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով՝ արտաքին քաղաքական ոլորտը 2013-ին առաջընթաց չի գրանցել:

«Մենք շարունակում ենք մնալ մեկուսացված իրավիճակում, բոլոր հիմնական ծրագրերը շրջանցում են Հայաստանը»:

Որևէ էական քայլ հարևան պետությունների հետ հարաբերությունների փակուղին ճեղքելու ուղղությամբ, ըստ Կարապետյանի, չի արձանագրվել: Վրաստանի հետ փոխհարաբերություններին, օրինակ, ըստ նրա, շարունակում է բնութագրական մնալ լարվածության որոշակի մակարդակն ու չհասկացվածությունը: Իրանի հետ հարաբերությունները  չեն  վատթարացել, բայց զարգացման դրական միտումներ  էլ չեն արձանագրել: Այս երկրի հետ առևտրաշրջանառության ծավալներն, օրինակ,  10 տոկոսի անկում են գրանցել:

«Իսկ Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները  գազի խնդրի վերաբերյալ  փաստեցին, որ կա որոշակի անվստահություն երկու երկրների փոխահարաբերություններում»:

Իսկ  Թուրքիայի և Ադրբերջանի հետ հարաբերությունների վերաբերյալ ՀԱԿ ներկայացուցչի գնահատականներն ու եզրահանգումներն ավելի հոռետեսական են: Նա կարծում է, որ Թուրքիայի հետ փոխհարաբերությունները վերադարձել են 2006-2007 թթ. իրավիճակին. «Երբ թուրքական իշխանության ներկայացուցիչները փորձում էին ինչ-որ հանդիպումներ փնտրել Հայաստանի իշխանությունների հետ՝ փորձելով արևմուտքի համար պատրանք ստեղծել, թե կա որոշակի շփում, միաժամանակ փորձելով կասեցնել Ցեփղասպանության ճանաչման գործընթացն ու շարունակել Հայաստանի շրջափակուըմը: Նույն իրավիճակը հիմա է»:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության  կարգավորման գործընթացին, ապա երկամյա ընդմիջումից հետո Սարգսյան-Ալիև հանդիպումն, ըստ Վլադիմիր Կաևրապետյանի, որակական տեղաշարժ չապահովեց: Տարաձայնությունները շարունակում են խորը մնալ, դեևս չկա համաձայնություն, թե որ փաստաթղթի շուրջ են կողմերը բանակցում:

Եվ վերջապես, 2013-ի մարտահրավեր ՀԱԿ ներկայացուցիչը համարեց քաղաքական վեկտորի՝ Եվրամիությունից Մաքսային միություն տեղափոխվելը: Այն,  ըստ  նրա,  եվրաինտերգրման  գործընթացը տեղափոխեց երկրորդ պլան: Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ապա ըստ Կարապետյանի գնահատականների, ՀԱԿ-ը դեմ է ոչ այնքան այս մտադրությանն ու հեռանկարին, որքան շտապողականությանը:

«Անդամ երկրներն անգամ համաձայնության չեն եկել շատ հարցերի շուրջ, այս առումով Հայաստանի շտապողականությունը որոշակի հարցեր է առաջացնում»:

Նաև  վերջին օրերի հիմնական թեմայի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև ծավալաված հետակա բանավեճի մասին: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀԱԿ-ը որքանո՞վ  է հնարավոր համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն: «Ումո՞վ պետք է վերադառնա: Այսինքն, ի՞նչ թիմով: Մենք կարող ենք ասել, որ առկա է բանավեճ եւ ոչ ավելին: Այս պահի դրությամբ որեւէ ավելի զարգացումներ, քան բանավեճ, մենք չենք տեսնում: Ավելին, մենք տեսնում ենք փորձեր, որ իշխանությունն ուզում է հանրության ուշադրությունը հրավիրել այդ բանավեճի վրա, շեղել այն խնդիրներից, որ առկա են: Բայց ՀԱԿ-ը չի պատրաստվում շեղվել եւ մեր օրակարգի հարցերն առաջնահերթ են»:

Ցուցադրել ավելի
Back to top button