Քաղաքական

Ինչո՞ւ ակտիվացավ Ռոբերտ Քոչարյանն այս պահին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ռոբերտ Քոչարյանի տված վերջին հարցազրույցը շարունակում է անհանգստացնել քաղաքական գործիչներին: Բառի բուն իմաստով անհանգստացած վերլուծություններ էին այսօր ներկայացնում ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը եւ «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմշյանը: Արշակ Սադոյանը նույնիսկ սպառնաց վերադառնալ մեծ քաղաքականություն, եթե ընդդիմության կողմից չտեսնի հակազդման լուրջ քայլեր:

Ռոբերտ Քոչարյանը ցանկություն ունի վերադառնալ մեծ քաղաքականություն եւ արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, բայց քաղաքական զարգացումների այդ սցենարը դուր չի գալիս ոչ Արշակ Սադոյանին, ոչ էլ` Սոս Գիմիշյանին:

Սոս Գիմիշյանի վերլուծություններով` ավելի վտանգավոր է, եթե Ռոբերտ Քոչարյանը ոչ թե անձամբ վերադառնա քաղաքականություն, այլ` ներկայացնի որեւէ նեյտրալ մարդու կամ ուժի: Այդ առումով Առաջին եւ Երկրորդ նախագահների սերտաճում է նկատում Սոս Գիմիշյանը` հետեւելով ԲՀԿ եւ ՀԱԿ փոխադարձ գովքին, իսկ այն որ «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ որոշ կապ ունի խորհուրդ են տալիս չմոռանալ, թե Սոս Գիմիշյանը, թե Արշակ Սադոյանը: Վերջինի կարծիքով, այս ամենին հակազդելու համար նաեւ լուրջ ընդդիմություն չկա:

Արշակ Սադոյանը Ռոբերտ Քոչարյանի քայլերը կապում է Ռուսաստանի հետ, քանի որ նա Ռուսաստանում բիզնեսներ եւ աշխատանք ունի. դրանք չկորցնելու համար էլ իր հարցազրույցում չի անդրադարձել Մաքսային Միությանն անդամակցելուն: Ընդհանրապես Ռուսաստանի հետ այսօրվա հարաբերությունները բիզնես է եւ լուրջ կախվածություն այդ պետությունից, ոչ թե իրական բարեկամություն հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ, ասում է Արշակ Սադոյանը:

Սոս Գիմիշյանի կանխատեսումներով Հայաստանը միայն այն ժամանակ գլուխը կբարձրացնի եւ կսկսի զարգանալ, երբ քաղաքականությունից դուրս գան երեք նախագահները: Իսկ դրա համար անհրաժեշտ է համարում Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել եւ արգելել 2 ժամկետ պաշտոնավարելուց հետո նախագահներին կրկին վերադառնալ նույն պաշտոնին:

Ցուցադրել ավելի
Back to top button