ԿարևորՔաղաքական

ԱՊՀ- ն հակասությունների տարածք է, ասում է քաղաքագետը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հունվարի 1-ից Ուկրաինան ստանձնել է Անկախ պետությունների համագործակցության նախագահությունը:Այս կապակցությամբ կայացած տեսակամրջի ընթացքում հետխորհրդային երկրների փորձագետներն այսօր անդրադարձել են ԱՊՀ գերակա խնմդիրներին, համագործակցության խորացման հնարավորություններին:

Այսօր տեղի են ունենում տարածաշրջային մերձեցման տարբեր գործընթացներ: Այս առումով Անկախ պետությունների համագործակցությունն առանձնանում է այլ նմանատիպ միավորումներից՝ ստեղծվելով նախկին Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Անցած 22 տարիների ընթացքում զգալի փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը և ԱՊՀ անդամ երկրները ևս մասնակցություն ունեն տարատեսակ միավորող կառույցների:

Տարեսկզբից ԱՊՀ նախագահությունը ստանձնեց Ուկրաինան, որը պատրաստակամություն է ցուցաբերել աջակցել կառույցի շարունակական զարգացմանը՝ ելնելով անդամ-երկրների ազգային շահերից: Մասնավորապես՝ դրա մասին այսօր հայտարարարեց Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով  ուկրաինական կառավարության լիազոր Վալերի Մունտիյանը։

Ուկրաինայի համար ԱՊՀ-ն ամենախոշոր գործընկերներն է նախևառաջ առևտրատնտեսական ոլորտում: Միևնույն ժամանակ՝ պաշտոնյան նշեց, որ առկա են առևտրաշրջանառության ծավալների անկման միտումներ:Ուկրաինական կողմը իր պարտք է համարում նախագահության տարվա ընթացքում ապահովել տնտեսական համագործակցության ակտիվացում ինչպես ԱՊՀ ներսում, այնպես էլ ԱՊՀ-ԵՄ հարթությունում:

Անկախ պետությունների համագործակցությունը այսօր դեռևս չի օգտագործում իր ամբողջ ներուժը, միևնույն ժամանակ շարունակում է ապահովել բազմակողմանի համագործակցության հնարավորություններ: Համենայն դեպս՝ նման կարծիքի է ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների տնտեսական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Սալամատովը: «Այնպիսի ակումբի առկայությունը, ինչպիսին է ԱՊՀ-ն, ստեղծում է վերլուծելու և առավելագույնս իրագործելու հնարավորություններ՝ հստակ կոոպերացիոն կապերի ստեղծմամբ և մրցունակության բարձրացման ապահովմամբ ինչպես առանձին ձեռնարկությունների այնպես տնտեսության մասով»,- ասաց։

Գործնական առումով ԱՊՀ-ն լինելով բազմակողմանի կառույց, այնուամենայնիվ, արդյունավետության առումով դեռևս ներկայանալի չէ: Այս պարագայում մեծ դեր են խաղում աշխարհաքաղական նոր իրողությունները, նկատեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:  «Ուկրաինան բացի ԱՊՀ-ից անդամակցում է այսպես կոչված ՎՈՒԱՄ կազմակերպությանը, որը  միավորում է նաև Վրաստանին, Ադրբեջանին և Մոլդովային: Արդյո՞ք այս երկու կառույցների շահերը չեն հակասի միմյանց»,- ասում է նա։

Տնտեսական առումով ԱՊՀ-ն դեռևս չի կայացել, քանի որ այն կայացել է ավելի շուտ որպես քաղաքական միավորում, ինչը չի նպաստում դրա գրավչությանը, նշեց տնտեսագետը:

Այնուամենայնիվ՝ ԱՊՀ-ն ունի իր յուրահատկությունը, իր հերթին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «ԱՊՀ-ն միջոց է իրականացնել հարաբերությունները ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ հարթությունում, մասնավորապես՝ Հայաստանի պարագայում Ղրղզստանի կամ Տաջիկստանի հետ, որը երկկողմ առումով դժվար է»:

Ընդհանուր առմամբ՝ ԱՊՀ-ն այսօր ոչ թե համագագործակցության, այլ հակասությունների տարածք է, հավելեց քաղաքագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button