Մշակույթ

Էդգար Հովհաննիսյան. հայ երաժշտական արվեստի նորարարներից մեկը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը կդառնար 84 տարեկան: Արամ Խաչատրյանի սանը հայ երաժշտության զարգացմանը նպաստել է ինքնատիպ ներդրումով` նոր, համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից:

Մեր հասարակության ընդգրկուն հատվածին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը առավելապես հայտնի է «Էրեբունի- Երևան» երգով, ինչը դարձել է մեր մայրաքաղաքի հնամյա պատմությունը խորհրդանշող հիմներգը:

Ընդհանրապես՝ մեծանուն կամպոզիտորի ստեղծագործական  հիմնական մոտիվը ժողովուրդն է, նրա պատմությունն ու արդի կյանքը` հայրենաշունչ վիպականությամբ և հերոսականությամբ: Առավել հայտնի բալետներից  «Սասունցի Դավիթն» ու « Անտունին»   առանձնանում են երաժշտության, պարարվեստի, ասմունքի և երգչախմբի փոխգործակցությամբ, ինչը նորություն էր հայ բեմարվեստում:

Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործության լայնախոհությունը,  ազգային երաժշտական լեզվի նորացումը բնորոշ են նրա սիմֆոնիկ և կամերային գործերին:  Լայն ժողովրդականություն են վայելում նրա «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերը,  Գրել է նաև երաժշտություն կինոնկարների համար`«Հյուսիսիային ծիածան», «Հույսի աստղ»:

Զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ, արժանացել միջազգային ու հանրապետական բարձրագույն մրցանակների: Էդգար Հովհաննիսյանն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, ուր այսօր հարգանքի ու վառ հիշատակի տուրք մատուցվեց նրա մեծարժեք արվեստը  գնահատողների կողմից:

Back to top button