Հասարակություն

Վարչապետի հանձնարարականները գերատեսչությունները կփորեն կատարել կայքէջերում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գերատեսչությունների ղեկավարները  կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետից հանձնարարական ստացան հանդիպել  զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու ներկայացնել  2014-ի գերակա ուղղություններն ու անելիքները, «որպեսզի հանրությունը կառավարության գործունեությունը վերահսկելու հնարավորություն ունենա»։ Այսօր «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե գերատեսչությունները ե՞րբ և ինչպե՞ս են պատրաստվում կատարել վարչապետի հանձնարակականը։ 

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/01/130114gov.mp3

Այսօր  փորձեցինք պարզել, թե որ նախարարություններն են պատրաստվում հանրությանն իրազեկել 2014- ի իրենց անելիքների, միջոցառումների ծրագրերի ու գերակայությունների մասին: Հետաքրքրվեցինք հատկապես այն գերատեսչություններից, որոնք 2013-ն էլ չեն ամփոփել, քանի որ նախորդ տարվա աշխատանքն ամփոփած գերատեսչությունների ղեկավարները   հակիրճ, սակայն, ներկայացրել են 2014-ի անելիքները:

Նախ նշեմ, որ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչություններն ու բաժինները միաձայն ուղղորդեցին դեպի նախարարների մամուլի քարտուղարներ: Վերջիններս էլ , բացառությամբ, մեկ-երկուսի, խնդրեցին ավելի ուշ զանգահարել, որպեսզի հասցնեն ճշտել նախարարի հետ:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը վերջիններիս թվում էր, նա  խոստացավ, որ առաջիկայում կներակայացնեն 2014-ի անելիքները, սակայն, թե որ օրը, դեռ պարզ չէ:

Տրանսպորտի ու կապի նախարարությունից նույնպես փոխանցեցին, որ ներկայացնելու դեպքում լրատվամիջոցներին անպայման տեղյակ կպահեն: 

Քաղաքաշինության նախարարի մամուլի  խոսնակ  Լուսինե Մարգարյանը մեզ փոխանցեց, որ վարչապետի հանձնարակականը կկատարեն, կներկայացնեն 2014-ի անելիքները, առայժմ, սակայն, մտածում են, թե ինչ ձևաչափով են ներկայացնելու:

2014-ի միջոցառումների ծրագիրը, գեակայություններն ու անելիքները կներկայացնեն նաև էկոնոմիկայի նախարարությունում։ Նախարար Վահրամ Ավանեսյանը, ի դեպ, հունվարի 9-ին կառավարության նիստից հետո անձամբ խոստացավ, երկու գերակայություն, այդուհանդերձ, ներկայացրեց։ «Հիմնական գերակայությունները մնում են նույնը՝ արտահանելի  հատվածի ընդլայնման մասին է խոսքը, և գործարար միջավայրի  բարելավման: Դրանք հիմնական ուղղություններն են լինելու»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ  նույն օրը նշեց, որ երեք գերակա ուղղություն են նախատեսել՝ ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման շարունակականություն և նոր փուլի իրականացում, հաշմանդամության սահմանման ու զբաղվածության նոր մոդելների ներդրում։ «Նախատեսված է , որ  2014-ին մեկ տասնյակից ավելի զբաղվածության ծրագրերի իրականացում, և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման և աշխատանքով ապահովման ծրագրեր»։

Եվ վերջում՝ ինչպես իր խոսքում ակնարկեց էկոնոմիկայի նախարարը և ինչպես պարզ դարձավ այսօրվա զրույցներից, գերատեսչություններն առավել  հակված են իրենց անելիքները ներկայացնել  կայքէջերում, այնպես որ՝ հանրության հետաքրքրվող հատվածը պետք է սկսի ուշադիր հետևել ոչ թե լրատվամիջոցներին, այլ՝ նախարարությունների կայքէջերին։

Ցուցադրել ավելի
Back to top button