Հասարակություն

Սիրիահայ ակտիվիստները բարձրաձայնում են իրենց խնդիրներից

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում սիրիահայերի նպաստների ճիշտ և թափանցիկ բաշխման, աշխատանքի և կացության խնդիրների մասին են այսօր խոսել սիրիահայ ակտիվիստները: Նրանք հայտնել են, որ իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով ստեղծվել են ֆեյսբուքյան տարբեր խմբեր: Եթե 2 տարի առաջ դրանք 2-ն էին, ապա  այսօր դրանց թիվը հասնում է 40-ի և բոլորը զբաղվում են սիրիահայերի հիմնախնդիրներով: Ամենամեծ խնդիրը, ըստ սիրիահայ ակտիվիստ Ռոբերտ Սուլահյանի, սիրիահայերի նպաստների ճիշտ և թափանցիկ բաշխումն է:

Սփյուռքի նախարարության տվյալներով՝ Հայաստանում այսօր ապրում են շուրջ 11 հազար սիրիահայեր, բայց կան շատերը, ովքեր վերադարձել են հայրենիք, սակայն նախարարությունում այդպես էլ չեն հաշվառվել:

Սիրիահայերի մյուս կարևոր խնդիրը աշխատանքի հարցն է: Նրանք  աշխատունակ են, ունեն արհեստներ, մասնագիտություններ, բայց նրանց համար շատ կարևոր է նաև աշխատանքի վարձատրության չափը, ասում է սիրիահայ ակտիվիստ Վազգեն Բերղուդյանը:

Անձամբ Վազգեն Բերղուդյանը դրսում է աշխատում, թեև ընտանիքն այստեղ՝ Հայաստանում է: Հարցին, թե արդյո՞ք դա ժամանակավոր է և պատրաստվում է հնարավորության դեպքում ընտանիքը ևս տանել իր մոտ, Վազգեն Բերղուդյանը պատասխանեց՝ հակառակը՝ յուրաքանչյուր սիրիահայի գլխավոր նպատակն է վերադառնալ Հայաստան և հաստատվել հայրենիքում:

Սիրիահայերին շատ է մտահոգում նաև Սիրիայում ապրող հայերի մասին ապատեղեկատվությունը: Ռոբերտ Սուլահյանը խորհուրդ է տալիս չստուգված տեղեկություններ չհրապարակել, քանի որ ցանկացած ապատեղեկատվությունը կարող է վնասել այնտեղի  հայերին, որոնց թիվը հասնում է 40 հազարի:

Ցուցադրել ավելի
Back to top button