Քաղաքական

Սիրիական հարցում Արեւմուտքը Թուրքիային «քավության նոխազ» է դարձնում, ասում է Շաքարյանցը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այն, ինչ կատարել եւ կատարում են Սիրիայում հակակառավարական ուժերը հայկական թաղամասերում` ցեղասպանության փորձ է, այսօր ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` նկատելով, որ դրա մասին արդեն խոստովանում են արեւմտյան լրատվամիջոցները: Քաղաքագետի խոսքով` սիրիահայ համայնքը, սիրիական պետական բանակի եւ իշխանությունների օգնությամբ ու աջակցությամբ հիմնականում կարողացել է իր նկատմամբ ցեղասպանության սպառնալիքը հետ մղել եւ դա արդեն փաստ է: «Մենք պետք է հասկանանք, որ Սիրիայի հայերի, այսինքն` Սիրիայի ողջ քրիստոնեության ինքնապաշտպանության գործը հաղթել է»:

Քաղաքագետը նկատում է, որ հայությունը Սիրիայի ամենամեծ քրիստոնեական համայնքն է եւ պատահական չէ, որ Սիրիան դարձավ Իրանից հետո երկրորդ երկիրը, որը, փաստորեն, իրավունք է տվել հայերին ներկայացնելու ամբողջ քրիստոնեական համայնքը: Դա արտահայտվում է նաեւ խորհրդարանում հայերին տեղեր տալով:

Քաղաքագետի խոսքով` Սիրիայում ծավալված հակաքրիստոնեական ու մասնավորապես` հակահայկական արշավի հիմնական մեղադրանքները ներկայումս Արեւմուտքն ուղղորդում է դեպի Թուրքիա, որը մինչեւ կոկորդը թաթախված է սիրիական հարցերում: Նպատակը, ըստ քաղաքագետի, հենց Թուրքիային քավության նոխազ դարձնելն է, որն, անշուշտ, ամենամեծ մասնակցությունն ունի:

Սիրիայի հարցով «Ժնեւ-2» համաժողովից սպասելիքներին անդրադառնալով` Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ ճգնաժամի լուծման հույսերը մեծ են, քանի որ ակնհայտորեն, այսպես կոչված, սիրիական ընդդիմադիր ուժերը պառակտված են եւ նման պայմաններում հնարավոր է ի մի բերել բոլոր դիրքորոշումները:

Քաղաքագետի գնահատմամբ` խնդրում բավականին մեծ է լինելու Իրանի դերակատարությունը, սակայն, վերջինի մասնակցությանը ժնեւյան կոնֆերանսին ԱՄՆ-ն վերապահումով է մոտենում: Եթե Իրանը չմասնակցի դրան, ապա քաղաքագետը կարծում է, որ կարող է տապալվել սիրիական ճգնաժամի լուծման ամերիկյան հերթական սցենարը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, քաղաքագետի խոսքով, սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում Ռուսաստանի խնդիրը խոշոր պատերազմի սպառնալիքը հետ մղելն է եղել, քանի որ նա հասկանում է, որ խոշոր պատերազմի դեպքում ալիքը կարող է հասնել նաեւ Կովկաս: Միաժամանակ` քաղաքագետը նկատեց, որ ոչ ոքի չի հաջողվել խզել ռուս-իրանական հարաբերությունները եւ այս երկու երկրներն ունեն հստակ պայմանավորվածություններ` դերակատարությունների բաժանման հարցում:

Քաղաքագետը համոզված է, որ նույնպիսի դերաբաշխում կլինի նաեւ Ժնեւում սպասվող համաժողովում։

Ցուցադրել ավելի
Back to top button