Հասարակություն

Միջադեպի մասնակիցը նաեւ Երեւանի տրանսպորտի վարչության պետի որդին է

Հունվարի 11-ին, ժամը 14.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է:  Ոստիկանության  Մարաշի բաժանմունքի ծառայողների և   Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն և նրան պատկանող «Պորշ Կայեն»   մակնիշի ավտոմեքենան, ինչպես  և ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն, հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող  տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ  Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ: Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն»  մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է   դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված:

Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ  Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Ըստ news.am.- ի՝ Դավիթ Ն.-ն Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է։

Ցուցադրել ավելի
Back to top button