Հասարակություն

Երբեմնի բազմազգ Սեմյոնովկայում մնացել են միայն հայերը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արդեն հաջորդ տարի Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղը կնշի իր 170-ամյակը: Այն  հիմնադրվել է 1845 թվականին Ռուսաստանից աքսորված մալոկանների կողմից: Գյուղը բնակեցված է եղել մալոկաններով, ռուսներով, հայերով և քրդերով: Ինչպես պարզվեց, բարձր լեռնային գոտում գտնվող համայնքում այսօր հիմնականում բնակվում են հայերը, մնացած ազգությունների ներկայցուցիչները արտագաղթել են: Ընդհանուր բնակչությունը կազմում է 300 հոգի:

Գյուղապետ Դավիթ Մնացականյանն ասում է, որ անցյալ տարի մեկնարկել են գյուղի գազիֆիկացման աշխատանքները, որոնք կշարունակվեն այս տարի: Իսկ խնդիրները այստեղ շատ են, փաստում է համայնքի ղեկավարը:

Այս տարի գյուղապետը նախատեսում է ներկայացնել վթարային վիճակում գտնվող Մշակույթի տան վերանորոգման ծրագիրը, սակայն դժվարացավ կանխատեսել, թե ինչ լուծում կստանա:  

Բնակչության հիմնական  զբաղմունքը անասնապահությունն է: Կապված կլիմայական ցուրտ պայմանների հետ՝ հողագործությունը զարգացած չէ: Գյուղացիները մշակում են հիմնականում տնամերձ հողամասերը, իսկ հողերը օգտագործվում են որպես արոտավայր։

Արտադրված գյուղմթերքի իրացման խնդիր չկա Սեմյոնովկայում՝ այնտեղում գնում են վերամշակող ձեռնարկությունները, սակայն շատ էժան գներով: Ամառվա ամիսներին գյուղի արոտավայրերից օգտվում են և այլ համայնքները: Գյուղացիներա այս տարի ուզում են փորձել գարի մշակել, քանի որ իմացել են, որ կողքի համայնքում անցյալ տարի լավ բերք են ստացել՝ 20 տարի խոպան մնացած ամայի հողատարածքներից։

Գյուղում պահպանվում են հին գերեզմանատնեերը և նախկին սեմյոնովցիների ժառանգները ժամանակ առ ժամանակ այցելում են իրենց նախնիների շիրիմները, ինչպես նաև օգնում են համայնքին։

Ցուցադրել ավելի
Back to top button